կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-01 12:25
Հասարակություն

Հաշմանդամության 3-րդ կարգի հարցում փոփոխություններ կարվեն. Արտեմ Ասատրյան

Հաշմանդամության 3-րդ կարգի հարցում փոփոխություններ կարվեն. Արտեմ Ասատրյան

Դեկտեմբերի վերջին կոռուպցիոն երևույթների, մասնավորապես`կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվեց Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը: Ավելի վաղ խախտումներ էին արձանագրվել մարզային սոցիալական գրասենյակներում: Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողներին ներկայացրեց, թե ինչ վիճակ է հիմա համակարգում:

Նախարարը նշեց, որ ԲՍՓ համակարգում արմատական փոփոխություններ են իրականացվում: Արմատական փոփոխություններ ու վերանայումներ են արվել, թե քաղաքացին ինչպես է դիմում համակարգին, ինչպես է հաշվառվում համակարգում, ինչպես է որոշումը կայացվում, ու փողը` փոխանցվում: Վերանայումներից հետո առաջարկություններն ու նախագծերն ուղարկվել են կառավարության աշխատակազմ, առաջիկայում այդ առաջարկությունների հետ կապված հստակ որոշում կլինի, և իրավական ակտերի ձևով այդ արմատական փոփոխությունները կամրագրվեն:

«Ամենակարևորը, որ դիմողը չի տեսնելու ու չի շփվելու որոշում կայացնողի հետ: Առողջապահության նախարարության հետ քննարկել ենք, թե ինչպես հստակեցնեն քաղաքացու օբյեկտիվ զննման կարգը, ինչպես տարանջատենք գործառույթները, պատասխանատվությունը, որ ամեն նախարարություն իր մասով իրականացնի իր գործողությունները: Լուրջ փոփոխությունների ականատես կլինենք առաջիկայում»,- ասաց նախարարը:

Հարցին, թե արդյո՞ք կվերանայվեն հաշմանդամության երրորդ և երկրորդ կարգ ստացածների վերաբերյալ որոշումները,  նախարարը պատասխանեց, որ հաշմանդամություն ունենալը և հիվանդություն ունենալը տարբեր բաներ են, և այդ մասով հայեցողական լիազորություններն ամենաշատը վերաբերում են հենց երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողներին:

«Այստեղ նույնպես պետք է արվեն մի շարք հստակեցումներ: Ուզում եմ ընդգծել, որ որևէ փոփոխություն ինքնանպատակ չէ, ավելին` հիմքում դրված է հետևյալը` եթե քաղաքացին հիվանդություն ունի և բուժօգնության կարիք, ապա կձևավորվի վերականգնողական անհատական ծրագիր, որի ներքո կիրականացվի համապատասխան ծառայության մատուցումը: Եթե քաղաքացին հաշմանդամ չէ, ապա, բնականաբար, հաշմանդամության թոշակառու չի կարող ճանաչվել»,- ասաց Ասատրյանը: