կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-29 15:20
Հասարակություն

Սոցիալական աջակցության ծրագրերում փոփոխություններ են սպասվում․ Արտեմ Ասատրյան

Սոցիալական աջակցության ծրագրերում փոփոխություններ են սպասվում․ Արտեմ Ասատրյան

2016-ին 367 մլրդ դրամի ծրագրեր է իրականացրել նախարարությունը, և դրա 95 տոկոսը սոցիալական տրանսֆերներն են, այսինքն՝ քաղաքացիներին են տրամադրվել այդ գումարները։ Այս մասին ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Նա նշեց նաև, որ նախարարության զբաղվածության ծրագրերի նպատակը երեք ուղղություններով են տարել՝ կայուն, ժամանակավոր և ինքնազբաղվածություն ապահովող ծրագրեր։

«Բացի այդ՝ կենսաթոշակային ծառայությունների մեջ էլ բարեփոխումներ են իրականացվել. կենսաթոշակային ծրագրերի նպատակն է եղել շահառուների՝ կենսաթոշակների ստացման հասցեականության ու մատչելիության զարգացումը։ Նախորդ տարի 50-100 տոկոսով բարձրացրել ենք Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների պարգևավճարները՝ պահուստային գումարների միջոցով»,-ասաց Ասատրյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ 2016-ի դեկտեմբերի դրությամբ հաշվառված է 534 537 նպաստառու և թոշակառու։

Ըստ նախարարի` սոցիալական աջակցության ծրագրերում որոշ փոփոխություններ են սպասվում։ Պետք է բացառել այն ընտանիքների նպաստառու համարվելը, որտեղ աշխատողներ կան, իսկ որտեղ էլ չկան, պետք է նրանց զբաղվածության խնդիրը լուծել։ Ինչ վերաբերում է խնամքի կենտրոնների գոյությանը, ապա նախարարը տեղեկացրեց, որ նոր ծրագիր ունեն` «Յուրաքանչյուր երեխա պետք է ապրի ընտանիքում» խորագրով, ըստ որի՝ պետք է այնպես անեն, որ խնամքի կենտրոնների փոխարեն լինեն երեխաների աջակցության կենտրոններ։

Ըստ Ասատրյանի՝ մի շարք կազմակերպություններ կվերածվեն երեխաների աջակցության կենտրոնների: «Սակայն պետք է ընտանիքների կարողություններն ամրապնդենք, որ երեխաները կարողանան ապրել ընտանիքներում։ Այս ընտանիքների հիմնական խնդիրները սոցիալ-տնտեսական են, և մեր նպատակն է, որ երեխան չհայտնվի խմանքի կենտրոններում»,- ասաց նա։