կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-17 15:10
Իրավական

Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով հետազոտվեց էական նշանակություն ունեցող տեսագրություն

Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով հետազոտվեց էական նշանակություն ունեցող տեսագրություն

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի և նրա երկու ընկերների սպանության գործով հերթական դատական նիստը: Նշենք, որ դատարանը շարունակում է հետազոտել այս գործով ապացույցները:

Այսօր հրապարակվեց գործով վկաներին ճանաչման ներկայացնելու վերաբերյալ քննչական գործողության տեսաձայնագրումը: Մասնավորապես` վկաներից Կորյուն Հակոբյանը քննչական գործողության ժամանակ հայտնել է, որ չի ճանաչում իրեն ներկայացված լուսանկարներում պատկերված անձանց: Նա սկզբում հայտնել է, որ մեկին նմանեցնում է, սակայն հետո հերքել ասածը: Նշենք, որ Կորյուն Հակոբյանն այն վկան է, ով, ըստ գործի նյութերի, դեպքի օրը Էրեբունիում երեք երիտասարդի է տեսել:

Նախաքննության ընթացքում հիշյալ վկային հարցաքննել են 4-5 անգամ` քննչական տարբեր բաժիններում: Իր ցուցմունքում նա նշել է, որ շենքերից դուրս եկող տղաներն իրենից մոտ 30 մ հեռու են եղել, և նրանց դեմքը չի հիշել, սակայն մյուս ցուցմունքներում քննիչների «օգնությամբ» վկան մտաբերել է նրանց դեմքերը, մանրամասն նկարագրել նրանց մազերի գույնը, հագուստները: Նախաքննական ցուցմունքում վկան նաև հայտնել է, որ երիտասարդներին տեսնելուց ինչ-որ ժամանակ առաջ ինքնաձիգի կրակահերթեր է լսել, սակայն կարծել է` հրաձգարանում են կրակում, և ուշադրություն չի դարձրել:

Դատարանում հետազոտվեց նաև այս գործով առանցքային նշանակություն ունեցող վկա Վահագն Մնացականյանին ճանաչման ներկայացնելու վերաբերյալ տեսագրությունը: Տեսանյութից երևում է, որ քննիչը վկային է ներկայացնում 4 անձանց լուսանկարներ, որոնցից մեկին մոտավորապես մտաբերում է` այս գործով ամբաստանյալ Վահան Հակոբյանին՝ Գաստիկին: Վկան հայտնում է, որ վստահ չէ, որ նա է, սակայն քննիչն արձանագրում է, որ վկան վստահորեն նշել է, որ լուսանկարում պատկերված տղային տեսել է: Նրան ճանաչել է «խոշոր, չախկալ աչքերից»:

Այս կապակցությամբ ամբաստանյալների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ այդ ապացույցը պետք է ճանաչել անթույլատրելի, քանի որ նախ` ընթերակաները ստորագրել են արձանագրության առաջին և վերջին էջերը, մինչդեռ` մյուս արձանագրություններում տարբեր տեղերում նրանց ստորագրությունններն են, բացի այդ, ըստ նրա, տեսանկարահանումն իրականացնող անձն  ակտիվորեն հարցեր է տալիս վկային, ինչի իրավունքն ունի միայն քննիչը, և որ ամենակարևորն է` վկայի հայտարարած տվյալները քննիչը հակառակ կերպ է ներկայացնում:

Նշենք, որ հենց այս վկայի ցուցմունքն էլ դրվել է գործով երեք ամբաստանյալների մեղադրանքի հիմքում և էական նշանակություն ունի գործի համար:

Մնացականյանը, համաձայն գործի նյութերի, 2015-ի մարտի 4-ին Էրեբունի վարչական շրջանի տարածքից Նոր Նորքի երկրորդ զանգված է տեղափոխել Երրորդմասցի Լյովիկին և ընկերներին սպանողներին: Վկան, սակայն, այս գործով դատավարության ժամանակ հայտնել է, որ չի ճանաչում գործով ամբաստանյալներին, որ նրանց դեմքը չի հիշում: Նա նշել է, որ դեպրեսիայի դեմ դեղամիջոցներ է ընդունում և հիշողության հետ կապված խնդիրներ ունի:

Այսպիսով` այսօրվա դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 7-ին: