կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-29 12:27
Իրավական

Դատախազը Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործից անջատված գործով մեղադրական եզրակացությունը չի հաստատել

Դատախազը Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործից անջատված գործով մեղադրական եզրակացությունը չի հաստատել

ԱԱԾ-ում ավարտվել է Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործի նյութերով հարուցված նոր՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց այս գործով մեղադրյալ Արա Խաչատրյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Սակայն վերահսկող դատախազը չի հաստատել այս գործով մեղադրական եզրակացությունը և այս գործով լրացուցիչ քննչական և դատավարական գործողություններ իրականացնելու համար գործի նյութերը փոխանցել է քննիչին: Այնուհետև դատախազը որոշում է կայացրել փոխել Արա Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը:

«Գործի նյութերին ծանոթանալուց հետո միջնորդեցինք, որպեսզի Արա Խաչատրյանի նկատմամբ քրեական հոտապնդումը դադարեցվի, սակայն հաջորդ օրը քննիչն անհիմն որոշում էր կայացրել միջնորդությունը մերժելու մասին, թեև այս քրեական գործի նախաքննության ընթացքում որևէ ապացույց չի ներկայացվել, որը կհիմնավորեր Արա Խաչատրյանի առնչությունը մեղսագրվող հանցանքին»,- ասաց պաշտպանը և հավելեց, որ քննիչի որոշումը բողոքարկել էին գլխավոր դատախազին: «Երեկ անսպասելիորեն պաշտպանյալս տանից զանգահարեց ինձ, այսինքն` խափանման միջոցը փոխվել է»,- ասաց նա:

Պողոսյանի խոսքով՝ Խաչատրյանի խափանման միջոցը փոխելով և մեղադրական եզրակացությունը չհաստատելով` նախաքննական մարմինն ու դատախազությունը խուսափում են գործի ավարտից: «Դատախազն իր որոշմամբ հաստատել է, որ մինչ այս ձեռք բերված նյութերը որևէ կերպ չեն հիմնավորում Արա Խաչատրյանի կապը մեղսագրվող հանցանքին: Դատախազի որոշումը վկայում է այն մասին, որ այս քրեական գործով նախաքննական մարմնի կայացրած ՝ կալանքի որոշումների նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազը նյութերն իրական հետազոտության չի ենթարկել: Դատախազի որոշման մեջ նշված է, որ այլևս վերացել են խափանման տակ պահելու հիմքերը, սակայն նախաքննության ընթացքում որևէ հիմք չի ներկայացվել, որը կհիմնավորեր, որ անհրաժեշտություն կա իմ պաշտպանյալին կալանքի տակ պահելու»,- ասաց նա:

Պաշտպանի խոսքով՝ որոշումը վկայում է այն մասին, որ իր պաշտպանյալի նկատմամբ ինչպես կալանավորման, այնպես էլ կալանքից ազատելու որոշումը կամայական է եղել: Իսկ իրականում, ըստ նրա, խափանաման միջոցը փոխելը պայմանավորված է եղել գործի քննության` օրենքով նախատեսված ժամկետները չխախտելու հետ: «Այս ամենը վկայում է այն մասին, որ նախաքննության 6 ամսվա ընթացքում նախաքննական մարմինը ոչ թե առաջնորդվել է քրեական դատավարության օրենսգրքով, այլ քմահաճույքներով»,- նշեց փաստաբանը:

Նա հայտնեց, որ իրենք հերթական անգամ միջնորդելու են քննիչին՝ դադարեցնել Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

Հիշեցնենք, որ Երրորդմասցի Լևովիկի՝ Լևոն Ղազարյանի սպանությունից հետո նախաքննական մարմինը խուզարկություն էր իրականացրել Լյովիկի մերձավորների բնակարաններում, ինչից հետո էլ մի քանի անձինք կալանավորվել էին: Ըստ նախաքննական մարմնի՝ Արա Խաչատրյանը Երրորդմասցի Լյովիկի մերձավորն է, սակայն, ըստ պաշտպանի, նախաքննական մարմինն այդ փաստը չի հիմնավորել: