Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔՀԿ-ի մոտ երեք անձի նկատմամբ սպանության և ապօրինի զենք-զինամթերք պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալներ Սարգիս Հախանումյանը և Վահան Հակոբյանն առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր ճանաչելու վերաբերյալ դիրքորոշում չեն հայտնել, իսկ Սարգիս Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Այս մասին, yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից: ԱԱԾ-ից նաև հայտնեցին, որ նշված քրեական գործի նյութերով հարուցվել են երեք առանձին քրեական գործեր, որոնց նախաքննությունը իրականացվել է ԱԱԾ քննչական վարչությունում:
Նշենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում մարտի 1-ին ավարտվել է հիշյալ գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատաքննության: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ): Նրանք, համաձայն մեղադրական եզրակացության, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ապօրինի ձեռք են բերել և պահել ինքնաձիգներ, որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, իսկ 2015թ. մարտի 4-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը՝ տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Քրեական գործը մակագրվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին: