կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-30 14:04
Իրավական

Մեկնարկեց Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով առաջին դատական նիստը

Մեկնարկեց Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով առաջին դատական նիստը

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով առաջին դատական նիստը: Այսօր գործով ամբաստանյալները ներկայացրեցին իրենց կենսագրական տվյալները, ինչից հետո պաշտպանական կողմի միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց:

Նշենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, Վահան Հակոբյանը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել և պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող`«ԱԿՄՍ», «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգներ, որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով: 2015թ. մարտի 4-ին` ժամը 13:50-ի սահմաններում, Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը, նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը` տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Հիշեցնենք, որ գործը քննած ԱԱԾ-ն yerkir.am-ին հայտնել էր, որ քրեական գործով մեղադրյալներ Սարգիս Հախանումյանը և Վահան Հակոբյանն առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր ճանաչելու վերաբերյալ դիրքորոշում չեն հայտնել, իսկ Սարգիս Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Լուսանկարը՝ news.am-ի