կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-13 22:16
Առանց Կատեգորիա

Երկու անհայտով նախընտրական հավասարում

Երկու անհայտով նախընտրական հավասարում

Վարչապետ Կարեն Կարապետյանն ազնվորեն հայտարարեց, որ չնայած Հայաստանի քաղաքացի է, բայց վերջին տարիներին ապրել է Հայաստանից դուրս: Դրանով նա «մատնեց», որ Աժ ընտրություններին ՀՀԿ-ի նախընտական ցուցակում չի ընդգրկվելու, քանի որ դրա համար անհրաժեշտ է, որ նա վերջին չորս տարվա ընթացքւոմ ոչ միայն լիներ ՀՀ քաղաքացի, այլև մշտապես բնակվեր Հայաստանում: Իսկ վերջին տարիներին նա բնակվում էր Ռուսաստանում: Որ ՀՀԿ ցուցակում Կարապետյանի չընդգրկվելու քաղաքական որոշում է կայացվել, հուշեց նաև այսօր ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի արած այն ակնարկը, թե Կարեն Կարապետյանը կարող է օգտակար լինել նաև առանց ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու:

Ամեն դեպքում այս հայտարարություններով թե՛ վարչապետը, և, թե՛ ՀՀԿ-ն անցան մի գիծ, որից հետո դժվար է պատկերացնել Կարապետյանի ուղղակի մասնացկությունը խորհրդարանական ընտրություններին: Փոխարենը անորոշ մնաց այն հարցը թե որքանո՞վ է 4 տարի ՀՀ-ում մշտական բնակության պահանջին համապատասխանությունը խնդիր ակտուալ լինելու արդեն 2018թ. ապրիլին: Մինչ այդ Կարեն Կարապետյանը  կարող է կրկին վերանշանակվել վարչապետի պաշտոնում, քանի որ մինչև գործող նախագահի պաշտոնավարման ավարտը այդ մասով ուժի մեջ են լինելու 2005թ. սահմանդրական պահանջները: Իսկ դրանք կառավարության անդամների համար մշտական բնակության պարտադիր պահանջ չեն սահմանում: Նման խնդիր կառաջանա 2018թ.: Իսկ չնայած վարչապետը այսօր ասել է, թե վերջին տարիներին մշտապես Հայաստանում չի բնակվել, բայց չի հստակեցրել, թե «վերջին տարներ» ասելով քանի՞ տարի ու ի՞նչ ժամանակաշրջան նկատի ունի: Զուտ առերևույթ՝ եթե հիմա նա ունի նման խնդիր, ապա կարող է ունենալ նաև 2018թ.: Բայց սա կախված կլինի ներկայացվելիք հիմնավորումներից:

Ամեն դեպքում փաստը մնում է փաստ, որ որքան այս պահին ինտրիգային է հարցը, թե արդյոք գործող նախագահը 2018թ. կստանձնի՞ վարչապետի պաշտոնը՝ նույնքան անորոշ է, թե արդյոք Կարեն Կարապետյանը, այսօր արած իր ազնիվ խոսովանության ֆոնին մնում է 2018թ.-ից հետո պոտենցիալ վարչապետի թեկնածու: Ընդհանուր քաղաքական մակարդակում կոնկրետ Կարապետյանի հետ կապված անորոշությունը շատ էական չէ: Բայց այն կարևոր է իշխանության ներկայիս քաղաքական մեծամասնության ներքին դիրաքվորումների, հավակնությունների և հնարավոր վերադասավորումների համատեքստում: Որքան ապագա իշխանության կոնյուկտուրայի հետ կապված անորոշությունը մնա, այնքան ներքին խմորումները խորն են լինելու և խնդիրներ են ստեղծելու իշխող կուսակցության համար:

Ընդհանուր քաղաքականության առումով կարևոր է իշխանության դաշտից գոնե այս պահին դուրս գտնվող մեկ այլ անորոշություն. որքա՞ն է ձգձգվելու մեծ քաղաքականություն ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հստակեցման պահը: Քաղաքական դաշտի մեծ թվով խաղացողներ, որոնք դեռևս չեն կողմնորոշվել ընտրություններին մասնակցության նախընտրելի ձևաչափի հարցում, սպասում են Ծառուկյանի որոշմանը: Ներկայիս ԲՀԿ-ն ոչ միայն ամենակտիվ կերպով օրակարգում է պահում Ծառուկյանի  վերադարձի հարցը, այլև որոշ իմաստով արհեստականորեն ստեղծում է դրա հանրային մեծ պահանջարկը: Ընդ որում՝ շեշտը դրվում է նրա վրա, որ Ծառուկյանը վերադառնալու է ոչ թե բուն ԲՀԿ-ի, այլ շատ ավելի լայն քաղաքական պլատֆորմի հենքի վրա՝ փաստացի հավակնելով ոչ արմատական ընդդիմության միասնական լիդերի կարգավիճակին:

Ողջ խնդիրն այն է, սակայն, որ որքան ԲՀԿ-ն, Ծառուկյանի վերադարձով շահագրգռված շրջանակներն ակտիվ են այս հարցում, նույնքան պասիվ  ու լուռ է Ծառուկյանն ինքը՝ վերջնական վերադասավորումների առումով ներկայիս ամենանուրբ, կրիտիկական պահին ողջ քաղաքական դաշտը պահելով վակումային, ահռելի անորոշության մեջ: Ո՞րն է այս կեցվածքի պատճառը, դժվար է ասել: Դա կարող է պայմանավորված լինել ինչպես քաղաքական դաշտում որոշակի նոր զարգացումների, այնպես էլ իշխանական թևում իր վերադարձով պայմանավորված տրամադրությունների հնարավոր փոփոխության կամ մարտավարության ճշգրտման հարցում հստակեցման հետ կապված Ծառուկյանի սպասելիքներով: Բայց անկախ դրանից փաստ է, որ որքան Ծառուկյանը ձգձգում է որոշում կայացնելու կամ միգուցե արդեն կայացրած որոշումը հրապարակելու պահը, այնքան ձախողման անդունդի եզրին է մոտեցնում միայն նրա վերադարձի վրա խաղադրույք կատարած ուժերին: Վերջիններս կարող են հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ պարզապես կարող են ժամանակ չունենալ հանրության համար հասկանալի վերադասավորվել ընտրություններից առաջ: Այս առումով խոսուն է «ժառանգության» օրինակը: Դեռ Ծառուկյանը չվերադարձած՝ այս կուսակցությունը, կամ այն, ինչ մնացել է դրանից, սկսել է նրա հենարանը դառնալու ծիծաղելի արդարացումներ գտնել:

 «Ժառանգության» այս օրինակը հիանալի ցույց է տալիս, թե ինչ է լինում քաղաքական ուժերի հետ, որոնք իրենց մարտավարությունը ոչ թե սեփական նպատակների ու ռեսուրսների վրա են կառուցում, այլև այլ ուժերի կցորդը դառնալու հույսերի, այլ անձանց որոշումների:

Թե՛ Կարեն Կարապետյան-Սերժ Սարգսյան զույգի, թե՛ Գագիկ Ծառուկյանի կողմից ստեղծված անորոշության այս թանձր մշուշը ներկայիս քաղաքական հիվանդ համակարգի ախտորոշումն է: Այդ մշուշը քաղաքական բոլոր գործըթնացները հրապարակային մակարդակից տեղափոխել է խորը ընդհատակ, իսկ հասարակությունը հասու է դառնում միայն այնտեղ տեղի ունեցող խմորումների թույլ ու որշակիորեն նաև խափուսիկ ազդակներին:

Կարելի՞ է սա արդյոք ընդհանրապես քաղաքականություն համարել...              

Գևորգ Դարբինյան