կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-07 10:33
Քաղաքական

Նախընտրական քարոզչության մեկնարկի օրը արձանագրվել է խախտում ԲՀԿ-ի կողմից․ կոչ ենք անում նախընտրական քարոզչությունն իրականացնել սահմանված կարգին համապատասխան․ Ընտրությունների վերահսկման կոմիտեն

Նախընտրական քարոզչության մեկնարկի օրը արձանագրվել է խախտում ԲՀԿ-ի կողմից․ կոչ ենք անում նախընտրական քարոզչությունն իրականացնել սահմանված կարգին համապատասխան․ Ընտրությունների վերահսկման կոմիտեն

Քաղաքացիներից ստացված ահազանգերի արդյունքում հունիսի 7-ին՝ նախընտրական քարոզչության մեկնարկի օրը, Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրել է խախտում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից:

Մասնավորապես, Արարատի մարզի տարբեր հանրային վայրերում դիտարկվել է հետևյալ հայտարարությունը.

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրահանգով ս.թ. հունիսի 6-ից Մասիսի կոնյակի-գինու գործարանի ներկայացուցիչները լինելու են Արտաշատի տարածաշրջանի բոլոր գյուղերում և անհատապես տեղում կնքելու են խաղողի մթերման պայմանագրերը: Բոլորին խնդրում ենք նեղություն չկրել և չգնալ գործարան պայմանագրերի համար: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակ, Երևանյան 7, Սուրբ Հովհաննես եկեղեցու դիմաց»:

 

ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «նախընտրական քարոզչության ժամանակ … թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»:

Ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուի անունից խաղողագործներին նման առաջարկ կատարելը իրենից ներկայացնում է նախընտրական քարոզչության ժամանակ տրվող խաղողի մթերման ծառայությունների խոստում, ինչն արգելված է օրենքով:

Ընտրությունների վերահսկման կոմիտեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կոչ է անում վերացնել նշված խախտումը և նախընտրական քարոզչությունն իրականացնել սահմանված կարգին համապատասխան: