Փոխարժեքներ
01 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.32 |
EUR | ⚊ | € 455.06 |
RUB | ⚊ | ₽ 4.9092 |
GBP | ⚊ | £ 530.7 |
GEL | ⚊ | ₾ 141.61 |
«Դա ոչ թե ժողովրդի ձախականությունն է, այլ՝ պետության։ Դա կուրության ձախականություն է, որը կարծում է, թե հեղափոխական կարող է լինել միայն երգուպարով»։
Ջիհան Էքինջի
Երբեմն ձայնը մարդու սրտին է դիպչում։ Սակայն երբեմն էլ այդ ձայնի պատմությունը վերածվում է տապանաքարի. նրա արձագանքը ծառայում է խլացնելու մեռյալների ճիչերը։ Երբ Սաբահաթ Աքքըրազի նման ձայնը Թալեաթին «հերոս» է անվանում, դա հենց այդպիսի արձագանք է. արձագանք, որը ծածկում է ճիչերը, որը կոտրում է մեռյալների ոսկորները։
Երբ ալևի կինը, «պոպուլիստ» արվեստագետը, այսպես կոչված ձախակողմյան գործիչը փառաբանում է 1915 թ․ դահճին, ոչ մի թյուրքյու այլևս ողբ չի մնում։
Այդ պահից սկսած ժողովրդական երգը վերածվում է պետական շչակի։
Քանզի երբ հիշատակվում է Թալեաթի անունը, միայն տղամարդու անուն չէ, որ լսում ենք. դա Դերսիմի կրակն է, Քոչգիրիի ճիչը, Հալեպի անապատում չորացած երեխաների մարմինները։
Կոտորածի մասին արխիվային նյութերը
Այսօր արխիվները այլևս մեզ հետ չեն շշնջում, նրանք աղաղակում են։
Թալեաթ փաշայի ստորագրությունը կրող հեռագրերում հստակ կարդում ենք, թե ինչպես է հայ ժողովուրդը նկարագրվում որպես «քաղցկեղային բջիջ, որը պետք է ոչնչացվի»։ Նրա 1915 թ․ կոդավորված հեռագրում կա հետևյալ տողը.
«Կառավարությունն այլևս չի կարող հանդուրժել այս ազգի (հայերի) գոյությունը»։
(Վարչապետությանը կից օսմանյան արխիվ, DH ŞFR 54/163)
«Երբ այս աշխատանքն ավարտվի, հայ չի մնա»։
– Թալեաթ փաշա
1915, Թալեաթ փաշա՝ Ներքին գործերի նախարար։
Ստամբուլից Անատոլիա ուղարկված հեռագրերը պարզապես հրամաններ չեն․ դրանք որոշումներ են, որոնք վճռում են ժողովրդի ճակատագիրը։
Գաղտնագրված հեռագիր, 1915 թ․ մայիսի 3
«Հայկական հարցը լուծված է։ Այն արմատախիլ է արվել։ Այս երկիրն այժմ անվտանգ է»։
(ՎՕԱ, DH ŞFR 54/163)
Եվ հետո…
Ալեքսանդր Հոֆմանը (գերմանացի դիվանագետ) Բեռլին ուղարկած զեկույցում գրել է հետևյալը.
«Ես լսեցի Թալեաթ բեյի շուրթերից. հայերը այլևս տեղ չեն ունենալու այս տարածքներում։ Անապատը կուլ կտա նրանց։ Այս որոշումը կիրառվում է սառնասրտորեն, կարծես դա պաշտամունքի մի ձև լիներ»։
(Լեփսիուսի փաստաթղթեր, 1916)
«Սա աքսոր չէ, այլ դանդաղ մահ»։
– Հենրի Մորգենթաու, ԱՄՆ դեսպան
Ամերիկացի դեսպան Հենրի Մորգենթաուն բազմիցս հանդիպել է Թալեաթ փաշայի հետ։ Նա իր գրքում մեջբերում է.
«Ես հասկանում եմ ձեզ, պարոն Մորգենթաու։ Բայց մենք պետք է մաքրենք այս երկիրը։ Հայերը հիվանդություն են պետության դեմ։ Բուժումը վճռված է»։
(Դեսպան Մորգենթաուի պատմությունը, էջ 301)
Մորգենթաուն գրում է.
«Ես ինձ զգում եմ գերեզմանապահի պես, այլ ոչ թե դիվանագետի։ Թալեաթ փաշան ինձ ասում է մարդկանց դիերի թիվը»։
(Նույն տեղում, էջ 305)
«Նրանց վրա ոչ մի փամփուշտ չի ծախսվում։ Նրանց ջախջախում են ժայռերի վրա»։
– Խարբերդի նահանգապետ Սաբիթ բեյ
Նահանգապետ Սաբիթ բեյը իր հեռագրերում հետևյալ կերպ է ներկայացնում Խարբերդում տեղի ունեցածը.
«Նրանք այլևս մարդիկ չեն, նրանց քարշ են տալիս ինչպես բեռ։ Կանայք ճանապարհին ծննդաբերում են, երեխաները մահանում են ծարավից։ Հրամանը վերևից է»։
(Օսմանյան արխիվներ – DH.ŞFR. ֆայլ 55/259)
Նահանգապետ Ջելալ բեյը (Կոնիայի նահանգապետ) ազատվեց պաշտոնից այս հրամաններին հակառակվելու համար։ Նրա 1919 թ․ հայտարարությունը ցնցող է.
«Թալեաթ փաշայի հրամանը հստակ էր՝ մի քանի հայերի աքսորեք, մյուսներին վերացրեք։ Ես հրաժարվեցի։ Նրանք ինձ ազատեցին աշխատանքից։ Ես պաշտպանեցի իմ խիղճը»։
(Ռազմական դատարանի արձանագրություն, 1919)
«Ես տեսա, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ մահանում աչքիս առաջ»։
– Ջեսի Ջեքսոն, Հալեպում ԱՄՆ հյուպատոս
«Հալեպ հասած շարասյուները մեռյալ և կենդանի մարդկանց խառնուրդ էին։ Կանայք իրենց քաղցած երեխաներին ուսերին էին կրում։ Օսմանյան պաշտոնյաները այս պատկերը սովորական էին դարձրել»։
(ԱՄՆ արխիվներ, NARA RG 59)
«Ոչնչացված մի ժողովրդի տեղում լռություն է տիրում»։
– Յոհաննես Լեփսիուս, գերմանացի միսիոներ
«Անհնար է Բեռլինից այդ ամենը տեսնել։ Սակայն ես տեսա. ամբողջ Անատոլիայում մեռած մարդիկ էին առանց գերեզմանների։ Թալեաթ փաշան այդ ամենի մտահղացողն էր, համակարգի միտքը»։
(Deutschland und Armenien, էջ 174)
Չկա որևէ «պոպուլիստ», որը չի կարդացել և չի ճանաչել այս փաստաթղթերը։ Եթե մարդը դեռևս Թալեաթ փաշային «հերոս» է անվանում, ապա նա կամ ժխտում է պատմությունը, կամ կողմ է կանգնում պետությանը, այլ ոչ թե ժողովրդին։
Այո՛, Սաբահաթ Աքքըրազը գեղեցիկ ձայն ունի, նրա մեղեդին ծանր է, բայց այս անգամ նրա ձայնը միաձուլվեց քայքայման ձայնին։ Նա «հերոս» անվանեց մեկին, որը արյունով էր ներկել քրդերի, ալևիների, հայերի, հույների և ասորիների երկիրը։
Եվ հետո նորից ձեռն առավ սազը։
Բայց հիմա այդ սազը ժողովրդի սազը չէ։
Այդ սազն այժմ պետական խորհրդանիշ է։
Պատմության ժխտման մեղեդի։
Այսպիսով, ինչպե՞ս կարող է ալևին, ձախականը, «ժողովրդական արտիստը» հերոս դարձնել իր սեփական բնակչությանը կործանած անձին։
Դա ոչ թե ժողովրդի ձախականությունն է, այլ՝ պետության։ Դա կուրության ձախականությունն է, որը կարծում է, թե հեղափոխական կարելի է լինել միայն երգուպարով։
Դա նրանց դիմակավորված արարողությունն է, ովքեր ուրացումը կրում են որպես հագուստ։
Ժողովրդի երգը պետության քայլերգի վերածելը
Սաբահաթ Աքքըրազը մենակ չէ։
Թուրքիայում կան տասնյակ արվեստագետներ և մտավորականներ, որոնք իրենց ներկայացնում են որպես «պոպուլիստ», «ձախակողմյան», «ազատամիտ», բայց հանկարծ լռում են կամ ծափահարում են հանցագործին, երբ խոսքը վերաբերում է ազգային պետության կարմիր գծերին։
Դա ձախականություն չէ, այլ ձախական դիմահարդարմամբ ազգայնականություն։
Եվ այս դիմակավորված ձախականությունը խաղում է ոչ միայն հայերի և քրդերի անցյալի, այլև նրանց ապագայի հետ։
Քանզի ժողովուրդների հիշողությունը ուրացողը նաև գողանում է ժողովուրդների ապագան։
Ահա թե ինչու եմ ասում.
Սաբահաթ Աքքըրազը պատմության մեջ մնաց ոչ թե ժողովրդական երգով, այլ խոսքով։ Այդ խոսքը ոչ միայն «հերոսի» սահմանում է, այլ հանցագործի հետ նույնականացման խոստովանություն։ Անկախ նրանից, թե ինչ մեղեդի է նա երգում հիմա, այդ մեղեդու ֆոնին փչում է 1915 թ․ անապատի քամին։
Այս հոդվածը այն հիշողության մի մասն է, որը ցանկանում են մոռացության մատնել։
Եվ նրանց դեմ, ովքեր պարծենում են Թալեաթ փաշայի ոսկորներով,
Դա այն մարդկանց աղաղակն է, որոնց ոսկորներն անգամ հնարավոր չէ գտնել։
https://bianet.org/yazi/talat-pasanin-golgesinde-solculuk-oynamak-308705
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը