Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ անդամները հանդիպեցին արթիկցիների հետ: ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ մինչ այժմ՝նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգում, նախագահների փոփոխությունը որևէ դրական արդյունք չի բերել, հետևաբար «ոչ»-ի կողմնակիցները ցանկանում են պահպանել այն անձնակենտրոն համակարգը, որն ունի գերլիազորություններ: Սակայն փորձը ցույց է տալիս, որ գերլիազորություններ ունեցող համակարգը իշխանությունն օգտագործում է ոչ թե ի շահ ժողովրդի, այլ ի շահ իր շրջապատի, հետևաբար, միայն անձերի խնդիրը չէ, այլ կա համակարգի փոփոխության խնդիր:
«Մի բան է՝ մեկ հոգի է որոշում, մեկ այլ բան՝ երեք օղակները՝ օրենսդիր, գործադիր, դատական մարմիններն են որոշում: Ուստի հրաժարվելով նախագահական համակարգից՝ տեղի է ունենում իշխանության ապակենտրոնացում»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ Հայաստանում այսօրվա պայմաններում հնարավոր չէ մեծ հարստություն կուտակել՝ առանց իշխանությունների հովանավորության: Իսկ եթե իշխանությունները հովանավորում են մեկին, և նա ձեռք է բերում հարստություն, ուրեմն այդ հարստությունը նա պետք է կիրառի հանուն այդ իշխանության պահպանման, ոչ թե այդ իշխանության դեմ, որովհետև հենց դեմ է դուրս գալիս, հարստությունը ձեռքից վերցնում են:
Սահմանադրությունը փոխելով՝ առաջանում է մեկ այլ վիճակ, որտեղ նույն ղեկավարումը այլևս չի կարող տեղի ունենալ, որովհետև չկա մի պաշտոնյա, որն ունենում է այն լիազորությունները, ինչպես այսօրվա նախագահը՝ ունենալով զրո պատասխանատվություն, երբ հինգ տարի շարունակ նախագահին ոչ ոք չի կարող «ձեռք տալ», թեև կա իմպիչմենտի ձևական հնարավորություն, որն այնքան բարդությունների հետ է կապված, որը մինչ այժմ չի իրականացվել ու չի էլ իրականացվի:
Սահմանադրական փոփոխություններով՝ նախագահի լիազորությունները չի ունենալու ո՛չ վարչապետը, ո՛չ ԱԺ նախագահը, ո՛չ էլ դատական իշխանությունը: Ըստ Արմեն Ռուստամյան՝, մինչ այժմ մենք չենք ունեցել իրական դատական իշխանություն, որովհետև բոլոր դատավորներին նշանակում ու ազատում է նախագահը:
«Ուստի այդ դատավորը գլխից ձեռք չի քաշել, որ այնպիսի մի դատ անի, որը նախագահի դուրը չգա:Փաստորեն, դատական համակարգը դառնում է կախյալ նախագահական աթոռից, իսկ սահմանադրական փոփոխություններով՝ այդ վիճակը փոխվում է»,- ասաց նա՝ ներկայացնելով դատական համակարգի ձևավորման կարգը՝ ըստ սահմանադրական փոփոխությունների, որը մեծացնում է դատական համակարգի անկախությունը:
Սահմանադրական փոփոխություններով՝ մեծանում է ընդդիմության դերը: Այսօր, ըստ Ռուստամյանի, ընդդիմությունը պատին է սեղմված, որովհետև չունի հնարավորություն լուրջ դերակատարում ունենալու ԱԺ-ում, ստիպված փողոց է դուրս գալիս ու իր գործունեությունը ծավալում հրապարակներում:
«Ընդդիմությունն ու իշխանությունը պետք է լինեն պետական շինարարության երկու կողմերը, ինչպես ինքնաթիռի երկու թևերը, երկուսն էլ պարտավոր են հսկայական աշխատանք իրականացնել ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում: Ընդդիմությանը դաշտ է տրվում, որտեղ նա պետք է կարողանա աշխատել»,- ասաց Արմեն Ռուստամյանը: