Երեկ թուրքական դատարանի դիմաց մահափորձի ենթարկվելուց հետո դատարանի որոշմամբ 5 տարվա ազատազրկման ենթարկվեցին ընդդիմադիր Сumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարն ու թերթի՝ Անկարայում գտնվող բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլը:
Հարձակումից բախտի բերմամբ ողջ մնացած խմբագիրը լրագրողների հետ զրույցում խոսել է իր դեմ տեղի ունեցած մահափորձի և դատարանի կայացրած որոշման մասին:
«Երկու ժամում երկու մահափորձի ենթարկվեցինք: Երկրորդ մահափորձը տեղի ունեցած փակ նիստի ժամանակ: Լրագրության աշխատանք իրականացնելու համար ես ենթարկվեցի հինգ տարի և տասը ամսվա ազատազրկման, իսկ Էրդեմը՝ հինգ տարվա ազատազրկման: Այս պատիժն ուղղված չէ մեր դեմ, ոչ էլ փամփուշտները՝ մեր հրապարակումների պատճառով վախենալու, դրանք ամբողջ մամուլին լռեցնելու համար են: Դատարանը Սահմանադրական դատարանի որոշումն անտեսել է: Մենք ի սկզբանե պաշտպանել ենք այն միտքը, որ լրագրությունը հանցանք չէ: Սակայն մեզ դեմ դուրս եկավ նախագահը: Նրա ներկայությունից ոգևորված անձինք էլ հարձակումն իրականացրեցին: Մտահոգությունս այն է, որ նպատակը լրագրողների շրջանում վախ սերմանելն է եղել: Այդ փամփուշտները մեզ երբեք չեն վհատեցնելու, մեր գործընկերներն էլ թող չվհատվեն»,- հայտարարել է Դյունդարը:
Հարձակման մասին իր հերթին հայտարարությամբ է հանդես եկել նաև Էրդեմ Գյուլը՝ ասելով. «Սա Թուրքիայի համար նորություն չէ: Երբ մենք բանտում էինք, սպանվեց Տիգրանակերտի (Դիարբեքիրի) փաստաբանների միության նախագահ Թահիր Էլչին: Թուրքիան «շատ բնական» Լինչի դատաստան է իրագործում, որին հաջորդում է դատական գործընթացը: Այսօր այստեղ տեղի ունեցած դեպքն էլ Էլչիի հետ կատարվածից չի տարբերվում: Այսօր մեր ձերբակալման պատճառ դարձած լուրերը այն բանի համար էին, որ Թուրքիան հենց այս օրում չհայտնվի: Մենք այդ լուրերը հրապարակեցինք, որպեսզի մարդիկ, երեխաներ չզոհվեն...»: