կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-11 15:25
Քաղաքական

Որ երկու կողմն էլ ինչ-որ մի փոխզիջման պետք է գնան, երկու կարծիք չի կարող լինել. Լևոն Մարտիրոսյան

Որ երկու կողմն էլ ինչ-որ մի փոխզիջման պետք է գնան,  երկու կարծիք չի կարող լինել. Լևոն Մարտիրոսյան

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հուլիսի 8-9-ը Վարշավայում կայացած` ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Հայաստանի մասնակցությանն ու արդյունքներին:

Պատգամավորի կարծիքով` Հայաստանն ամենաբարձր մակարդակով մասնակցեց այդ գագաթաժողովին, նա առանձնացրեց  ՀՀ նախագահի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի եւ Ֆրանսիայի նախագահի հետ, որտեղ միջնորդ երկրները երաշխավորեցին, որ հետամուտ են լինելու Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված պայմանավորվածությունների իրականացմանը:

«Նախագահը, արտգործնախարարը եւ, ընդհանրապես, մեր երկիրը միշտ էլ ասելիք ունեն ՆԱՏՕ-ի գագաթաժողովում»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ կարեւոր է Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ բարձրաձայնել ամենաբարձր հարթակներից:

Ինչ վերաբերում է «փոխզիջում» հասկացությանը, որը շահարկվում է և տարատեսակ մեկնաբանությունների առիթ դառնում, Լևոն Մարտիրոսյանը նշեց. «Փոխզիջման մասին մեր բոլոր երեք նախագահները, քաղաքական գործիչները խոսել են վերջին 25 տարվա ընթացքում: Փոխզիջման մասին պետք է խոսել՝ հասկանալով, իհարկե, թե ինչ է նշանակում փոխզիջում:  Թե ինչպիսին կլինեն այդ փոխզիջումները, դեռեւս հայտնի չէ, բայց որ երկու կողմն էլ ինչ-որ մի փոխզիջման պետք է գնան, այստեղ երկու կարծիք չի կարող լինել, հակառակ դեպքում՝ այս իրավիճակը կարող է շարունակվել: Եթե Ադրբեջանը չի ցանկանում փոխզիջման գնալ, դա նշանակում է, որ ուզում է, որ այս ոչ պատերազմ-ոչ խաղաղություն վիճակը երկարի»,- ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը չի հակասում պետության տարածքային ամբողջականությանը, բացի մի դեպքից, երբ միակողմանի անջատում է լինում կենտրոնից, բայց սա էլ ունի իր լուծումը:

Ըստ Մարտիրոսյանի`  փոխզիջման գնալը կլինի վերջին քայլը, երբ բանակցություններն ավարտվեն, եւ խաղաղության համաձայնագիր կնքվի, բայց դա այդքան էլ շուտ չի լինի: