Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ամփոփեց տնտեսական տարին: Խոսելով արտահանման մասին` նա նշեց, որ Հայաստանի տնտեսությունը, ունենալով փոքր շուկա և մասշտաբային էֆեկտի բացակայություն, կարող է գործել առաջարկի վրա հիմնված տրամաբանությամբ, այսինքն` արտահանումը պետք է լինի տնտեսության զարգացման շարժիչ ուժը:
«Այս տարի Հայաստանից արտահանման աճը եղել է ռեկորդային` շուրջ 21 տոկոս` նախորդ տարվա համեմատ: Այնուամենայնիվ, այդ ցուցանիշները մեզ չեն գոհացնում, որովհետև ՀՆԱ-ում արտահանման ծավալները կազմում են մոտ 30 տոկոս: Տնտեսական աճ ապահովելու համար պետք է հասնել այն ցուցանիշին, որ արտահանման ծավալները կազմեն առնվազն 40-50 տոկոս»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով` կան խնդիրներ արտահանման բնագավառում, որոնցից մեկը շուկաների կենտրոնացված լինելն է, ուստի պետք է փորձեն դիվերսիֆիկացնել` ըստ երկրների ու ապրանքատեսակների: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանը շատ ցածր արտահանման ներուժ ունի` հենց հարևան երկրների հետ կապված: Մասնավորապես` արտահանումը դեպի Իրան ունի ցածր ցուցանիշներ, կա չօգտագործված ներուժ, և նախարարության առաջիկա անելիքներից է լինելու դեպի Իրան արտահանման աշխուժացման ուղղությամբ ջանքեր գործադրելը: Նախարարությունը օպերատիվ քայլեր է իրականացնելու` վերացնելու համար այն խոչընդոտները, որոնք դեռևս առկա են Հայաստանի համար արտոնյալ շուկաներում:
Արդեն ձևավորվել է աշխատանքային խումբ ՌԴ Վերին Լարսի, ՀՀ ՊԵԿ և ՀՀ տնտեսական զարգացման նախարարության պաշտոնյաներից բաղկացած, որը կփորձի լուծումներ տալ հայաստանյան ապրանքատեսակների արտահանման խնդիրներին:
«Երբ Վերին Լարսի անցակետը ինչ-ինչ պայմաններում փակ կլինի, օդային բեռնափոխադրումների համակարգի միջոցով հնարավորություն կտան բեռները մատչելի գներով տեղափոխելու այն տնտեսվարողներին, որոնց ապրանքը արագ փչացող է, և ովքեր տեղափոխում են իրենց ապրանքը ԵՏՄ շուկա»,- ասաց Սուրեն Կարայանը: