Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 13-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Տաջիկստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Շավկաթ Բոբոզոդային:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ողջունելով հյուրին` նախարար Կարայանը համառոտ ներկայացրել է նախարարության գործունեությունը, անդրադարձել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ցուցանիշներին, որոնք, նախարարի խոսքով, ներկայում ցածր են, սակայն կա ներուժ և անհրաժեշտություն դրանք նոր մակարդակի հասցնելու համար:
«Կան բազմաթիվ բնագավառներ, որտեղ կարող ենք սերտորեն համագործակցել` թեթև արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ, գորգագործություն, մի շարք այլ ուղղություններով ևս, և ներկայում կա լավ հնարավորություն նախանշելու փոխգործակցության ուղիներն ու համապատասխան աշխատանքներն ինտենսիվորեն սկսելու համար»,- իր խոսքում նշել է նախարար Կարայանը:
Շավկաթ Բոբոզոդան Տաջիկստանի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետություն հրավերի և հյուընկալության համար:
Ներկայացնելով Տաջիկստանի արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարարության աշխատանքը` նախարար Բոբոզոդան անդրադարձել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանը և այդ աշխատանքներին թափ հաղորդելու համար` աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտությանը, ինչը հնարավորություն կտա կոնկրետ ուղղություններով փոխգործակցության իրականացմանը:
Հանդիպմանը կողմերը անդրադարձել են արտահանման և ներմուծման, արտադրության, բեռնափոխադրումների խնդիրներին, Հայաստանի հնարավորությունները դեպի ԵՄ և Իրանի շուկաներ օգտագործելու, հայկական արտադրանքը Տաջիկստան և ասիական շուկաներ արտահանելու հարցերին:
Նույն օրը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Տաջիկստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարարության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը և Տաջիկաստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Շավկաթ Բոբոզոդան։
Հաշվի առնելով հայ-տաջիկական երկկողմ առևտրի, տնտեսական հարաբերությունների և սերտ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գործնական քայլեր մշակել առևտրաշրջանառության ծավալների մեծացման, տնտեսական քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, առևտրային խոչընդոտների վերացման և մի շարք այլ հարցերում:
Հուշագրի ստորագրումից հետո ՀՀ տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը և Տաջիկաստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Շավկաթ Բոբոզոդան այցելել են թեթև արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, մասնավորապես տեքստիլ արտադրության և գորգագործական ընկերություններ, ծանոթացել վերջիններիս գործունեությանն ու քննարկել այդ ոլորտներում փոխշահավետ գործացկության հնարավորությունները։