Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության կայքէջում հրապարակված է, թե, ըստ ոլորտների, 2017 թվականի ընթացքում ինչ ներդրումներ են իրականացվել. անդրադառնալով կառավարության հրապարակած` ներդրումների թվին` ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
«Շուրջ 865 միլիոն դոլարի չափով ներդրումներ են իրականացվել տնտեսության մեջ: Տարբեր ոլորտներում են ներդրումներ եղել, և ըստ ոլորտների է կայքում նշած ու ըստ աղբյուրների` ինչքան մասնավոր ներդրումներ են իրականացվել, որքանը` համայնքային բյուջեների հաշվին, որքանը` պետական բյուջեի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հարցին` եթե ներդրումներն ավելացել են, ապա ինչո՞ւ է սոցիալական վիճակը վատանում, նախարարը պատասխանեց, որ սոցիալական վիճակը չի կարող վատանալ: «Մենք բազմիցս նշել ենք, որ ունենք բավականաչափ տնտեսական արդյունքներ: Ուղղակի, որպեսզի այդ ազդեցությունը բնակչության համար լինի ակնհայտ, պետք է երկարատև լինեն այդ արդյունքները: Դրա համար էլ մենք չենք սահմանափակվելու 2017 թվականի արդյունքներով և 2018-ի արդյունքները փորձելու ենք, որ լինեն ավելի լավը»,- հայտարարեց նա:
7,5% ՀՆԱ-ի աճն էլ, ըստ Կարայանի, հիմնականում արդյունաբերության և ծառայությունների հաշվին է: « 0,6%-ով էլ աճել է շինարարությունը: Աճել է արդյունաբերությունը: Հատկանշանական է, որ արդյունաբերության աճի մեջ մեծ տեսակարար կշիռը դա մշակվող արդյունաբերությանն է. եթե արդյունաբերության թողարկումը 2017 թվականին աճել է 12,6 տոկոսով, ապա մշակվող արդյունաբերության աճը եղել է 15,7%: Միաժամանակ, մենք աճ ենք ունեցել առևտրի և ծառայությունների ոլորտում: Հանքարդյունաբերության ոլորտում ևս աճ կա` 2,6%»,- նշեց նախարարը:
Դիտարկմանը` ներդրումների հիմնական մասը հանքարդյունաբերությունում է կատարվել, Կարայանը չհամաձայնեց և ասաց, որ եթե ուշադիր լինենք, կտեսնենք` բոլոր ոլորտներում էլ կան ներդրումներ:
Հարցին` առաջին անգամ է խոսվում ներդրումների` նման մեծ թվի մասին, սա այն բանի համար է, որ Սերժ Սարգսյանը հավակնում է լինել վարչապե՞տ, քաղաքական ենթատեքստ կա՞ սրա մեջ, նա կարճ պատասխանեց. «Ոչ»: Կարայանի կարծիքով` ներդրումների նման քանակը կառավարության և իշխող ուժի ձեռքբերումն է:
Հարցին էլ` եթե Կարեն Կարապետյանը վարչապետ չլինի, ներդրումները կշարունակվե՞ն, նա արձագանքեց. «Ինձ տնտեսական հարցեր տվեք, ոչ թե...»: