Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչի և դատական համակարգի բարեփոխումներ սկսելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ Հ. Յ. Դաշնակցությունը:
Politik.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը նշում է՝ Դաշնակցությունը իր տեսակետն արդեն հստակ արտահայտել է՝ դատական համակարգի բարեփոխումները անհրաժեշտ են: Իրենց համար զարմանալի են մի քանի հանգամանք:
«Առաջինը՝ ինչու է միայն հիմա խոսվում դատական համակարգի բարեփոխումների մասին, ինչու է խոսվում միայն դատական համակարգի բարեփոխման մասին, և ոչ ամբողջությամբ դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին: Նկատի ունեմ՝ դատախազություն, հատուկ քննչական ծառայություն, ոստիկանություն: Արդյո՞ք նշանակում է, որ, օրինակ դատախազությունում և մյուս իրավապահ մարմիններում հավաքված են պրոֆեսիոնալներ՝ անբասիր կենսագրությամբ, և միայն դատարաններում են, որ հավաքված են անձեր, որոնցից ազատվելու խնդիր կա: Եթե խոսում ենք բարեփոխումների մասին, պիտի խոսենք բոլոր ոլորտների բարեփոխումների մասին: Այս ընտրողական մոտեցումն է, որ մեզ համար ընդունելի չէ:
Երկրորդ՝ մենք հասկանում ենք, որ մեկ տարին բավարար ժամկետ չէր լուրջ, արմատական բարեփոխումներ իրականացնելու, բայց կառավարությունը, առնվազն հայեցակարգային մակարդակով, պետք է կարողանար իր տեսլականը, իր մոտեցումն ու պատկերացումները դարձնել հանրային քննարկման առարկա:
Երրորդ՝ չենք կարծում, որ դատական համակագի բարեփոխման հետ կապված կարևորագույն խնդիրը լուծելու համար այս իրավիճակում անհրաժեշտություն չկար գնալ ոչ օրինական ճանապարհով՝ կոչ անել մարդկանց փակել դատարանների մուքերն ու ելքերը և այդ ցուցական ակցիայով փորձել տպավորություն ստեղծել, որ կա հանրային պահանջ: Հանրային պահանջ, անշուշտ, կա. այն, որ դատական համակարգը պետք է բարեփոխվի, հստակ է, բայց միայն այն հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի և բազմաթիվ պատգամավորների ակտիվ դերակատարության պարագայում անգամ դատարաններում ընդամենը շուրջ 1000 հոգի մարդ հավաքվեց, կարծում եմ՝ խոսուն արձագանք էր հնչեցված կոչին: Մարդիկ հասկանում են, որ ցույցերի, ցուցադրական ակցիաների, տարբեր տեսակ ճնշումների միջոցով շոուների ժամանակը անցել է: Վաղուց ժամանակն է գործով զբաղվելու»:
Անդրադառնալով Փաշինյանի կոչի վերաբերյալ ԵԽԽՎ արձագանքին, Համբարձումյանը նշում է.
«Դատական համակարգը բարեփոխելու հարցում, կարծում եմ, բոլորը համակարծիք են: Չեմ կարծում, թե Հայաստանում կա որևէ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ, որ կժխտի դատական համակարգի, ինչպես նաև մյուս բոլոր ոլորտների լուրջ ու արմատական բարեփոխումների անհրաժեշտությունը: Խնդիրը կիրառվող ձևերի ու մեթոդների, աշխատելաոճի մեջ է: Երբ դու ուզում ես հետապնդել լավ նպատակ և դա անում ես ոչ ընդունելի միջոցների կիրառմամբ, կարող ես սխալ ճանապարհով գնալ ու հասնել սխալ տեղ»:
Խոսելով վաղը կայանալիք ՀՅԴ հանրահավաքի նպատակներից, Արսեն Համբարձումյանը նշում է.
«Ուզում եմ տեղեկացնել, որ հանրահավաքի հիմնական նպատակներից մեկը լինելու է նախընթաց ժամանակահատվածի հրապարակային գնահատումը և կառավարությանը հստակ ուղերձ հղելը, որ իրենք լավ չեն աշխատում, ճիշտ մեթոդներով չեն աշխատում, խախտումներ են ցույց տալիս, և դրա համար իրենք պետք է արժանանան «դեղին քարտի»»:
Արսեն Համբարձումյանը ընդգծում է՝ իրենք ուզում են, որ իշխանությունները զբաղվեն այն գործով, ինչի համար լիազորված են, և ոչ թե անընդհատ փորձեն պատճառաբանել իրենց ձախողումներն ու անգործութունը: