Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ներքաղաքական հարցերին անդրադարձ չի եղել՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ նախաձեռնած՝ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին նվիրված համաժողովի ընթացքում՝ պատասխանելով լրագրողների հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՀՅԴ պատվիրակության հանդիպման մանրամասների մասին։
«ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք համահայկական և տարածաշրջանային հարցեր: Օրակարգը դա եղել»,-ասաց նա։
Ապրիլի 5-ի հանրաքվեի հետ կապված՝ Դաշնակցության մոտեցումը չի փոխվել․ «Ինչ ասել ենք՝ ուժի մեջ է: Ընդհանրապես, այդ հանդիպումից հետո մեր դիրքորոշումների մեջ որևէ բան չի փոխվել»:
Համագործակցության առաջարկ ևս չի եղել՝ վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը:
«ՀՅԴ-ն պարզ քաղաքական կուսակցություն չէ՝ ՀՅԴ-ն ունի համահայկական կառույց, հետևաբար, համահայկական օրակարգ: Մենք միշտ հայտարարել ենք, որ համակարգային, օրակարգային հարցերով քննարկումներ պետության հետ ունենալու ենք: Օրինակ, մենք քննարկել ենք Սևրի դաշնագրի 100-ամյակին վերաբերող հարցեր՝ ՀՅԴ-ն Սևրում համահայկական միջազգային խորհրդաժողով է կազմակերպում․ ցանկացել ենք հասկանալ՝ ՀՀ նախագահը, վարչապետը, ընդհանրապես՝ պետությունը, ինչ դիրքորոշում ունի այդ խորհրդաժողովի մասին»,-մանրամասնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը:
Արցախի հարցի մասին ևս ՀՅԴ պատվիրակներն ու վարչապետը խոսել են:
Դաշնակցության՝ իշխող թիմին ցույց տված դեղին քարտի գույնը շարունակում է մնալ նույնը՝ վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը․ «Երբ որ քարտի գույնը փոխվի, դուք անպայման կտեղեկանաք: Չենք բացառել, որ կփոխվի քարտի գույնը: Մեկ անգամ ևս ցանկանում եմ հստակ նշել՝ մեր մոտեցումների, դիրքորոշումների, կեցվածքների մեջ որևէ փոփոխություն չկա: ՀՅԴ-ն ընդդիմադիր քաղաքական ուժ է և մեր բոլոր հայտարարությունները ուժի մեջ են»:
Նա ընդգծեց, որ Դաշնակցությունը հենց դրանով է տարբերվում, որ եթե կան համահայկական հարցեր, մեր ժողովրդի ճակատագրին վերաբերող հարցեր, կարողանում է այդ տարաձայնությունները մի կողմ դնել և այդ հարցերի շուրջ խոսել պետության հետ:
Ներքաղաքական հարցերի շուրջ հանդիպում կլինի, թե ոչ՝ որևէ պայմանավորվածություն չկա:
«Մեր երկրում մի չգրված օրենք կա. եթե ընդդիմության ներկայացուցիչը հանդիպում է իշխանության հետ, կամ պետք է այդ հանդիպումը լինի գաղտնի կամ հանդիպելուց հետո ասում են՝ «օ՜, էս ինչ ընդդիմություն ես, որ հանդիպել ես իշխանության հետ»: Այդ կաշկանդումը մենք չունենք՝ եթե մենք ունենք ասելիք, ունենք հարցեր, քննարկում ենք դրանք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նա չբացառեց, որ առաջիկայում հանրահավաքներ ևս լինեն, քանի որ ՀՅԴ-ն ընդդիմադիր քաղաքական կուսակցություն է:
«Ոչ»-ի շտաբը դիմել է ՀՅԴ-ին և կուսակացությունն արգելք չի հանդիսացել, որ այն դաշնակցականները, ովքեր ունեն լիցենզիա՝ ընգրկվեն հանձնաժողովներում։
«Այո»-ի շտաբի հետ որևէ առնչություն չկա․ հայտարարություններն, իբր՝ «Այո»-ի կողմնակիցների հանձնաժողովներում ևս դաշնակցականներ կան, Իշխան Սաղաթելյանը համարեց կեղծ օրակարգ․ «Ես չգիտեմ թե ինչ նպատակով են այդ հայտարարությունները տարածում, ինչ նպատակ են հետապնդում, ՀՅԴ-ն «Այո»-ի հետ որևէ առնչություն չունի, չի կարող ունենալ, մենք շատ հստակ հայտարարել ենք մեր դիրքորոշումը հանրաքվեի վերաբերյալ»։
Դաշնակցությունը ցանկացած քայլ անում է՝ բացառելու «Այո»-ն՝ ասաց նա․ «Այսինքն՝ «Ոչ», «Բոյկոտ», «Անվավեր»․․․ կարևորը՝ «Այո» չլինի, որովհետև դա մեր ժողովրդի, պետության իրական հարցերի հետ որևէ առնչություն չունի և պատահական չէ մեր այս կոնֆերանսը․ մեր երկրի իրական օրակարգերից մեկը նաև հենց սա է՝ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Տեսաք՝ ինչ կարևոր ելույթներ եղան, ինչպիսի հարցեր բարձրաձայնվեցին․ այս կարևոր հարցերը թողած՝ թիթեռ ենք նկարում»:
Կառավարության նիստում վարչապետը թվեր է ներկայացնում, որոնց համաձայն երկիրն առաջ է գնում՝ լրագրողի հարցին ի պատասխան Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Այդ նույն թվերն այստեղ ջախջախվում են: Համաձայն ենք այդ ցուցանիշների հետ, բայց որտեղի՞ց է դա ձևավորվել: Մեր գործընկերները շատ հստակ նշեցին՝ ՀՆԱ-ի այդ 7.6 տոկոս աճը ինչով է պայմանավորված՝ շահումով խաղատների գործունեություն, մեքենաների ներկրում: Բոլորիս հայտնի է, որ լուրջ համակարգային փոփոխություններ երկրում տեղի չեն ունեցել: Մեր այս խորհրդաժողովի նպատակներից մեկը նաև այն է, որ ձևավորենք իրական հանրային օրակարգ մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ»:
Շատ հաճախ այդ թվերը հրապարակել են, հետո՝ հերքվել, մինդեռ Դաշնակցությունը մշտապես հանդես է եկել մեր գնահատականներով երկրի տնտեսության, ներդրումային իրավիճակի, սոցիալական իրավիճակի հետ կապված:
«Եթե 2019 թ. ճանապարհաշինարարությունն ավելին է եղել՝ դա դրական է և ողջունելի, բայց եթե դրա կողքին օտարերկրյա ներդրումներ չկան, եթե մարդիկ իրենց կաշվի վրա՝ սառնարանի պարունակության մեջ չեն տեսնում այս փոփոխությունները ու դրա կողքին կան բազմաթիվ խնդիրներ, մենք բարձրաձայնելու ենք այդ ամենը: Այսինքն, մենք, որպես ընդդիմություն, խնդիր չունենք մեկ-երկու փոքր ձեռքբերումներ անընդհատ նշելու՝ դրա կողքին չանդրադառնալով այն հիմնական և մեծ խնդիրներին, որոնք մեր երկրում գոյություն ունեն»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․