կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-01 15:04
Քաղաքական

ՀՀԿ-ական պատգամավորը բացատրեց, թե ինչու են Հայաստանում փակվում խոշոր բիզնեսները

ՀՀԿ-ական պատգամավորը բացատրեց, թե ինչու են  Հայաստանում փակվում խոշոր բիզնեսները

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են Հայաստանում խոշոր բիզնեսներ փակվում, մասնավորապես` Orange ընկերությունը դուրս եկավ դաշտից, «Քարֆուրը» փոքրացավ, ինչի՞ հետ է դա կապված, նշեց, որ տնտեսության մեջ միշտ չի, որ քաղաքական գործընթացները լուրջ ազդեցություններ կարող են ունենալ, և որ ցանկացած քաղաքական միջամտություն տնտեսական ցանկացած օբյեկտիվ օրենքի խաթարում է տնտեսական գործունեությունը:

«Փոքր տնտեսություն ունեցող երկրներում խոշոր տնտեսվարողները միշտ չէ, որ կարողանում են հասնել իրենց նպատակներին, որովհետև նրանց նպատակները շատ ավելի մեծ են լինում, քան իրականում տվյալ տնտեսության մեջ  կարող են ձեռքբերումներ ունենալ: Խոշոր կազմակերպությունները, հատկապես` տրանսկոնտինենտալ կազմակերպությունները, փոքր երկրներում իրենց ազդեցության ոլորտներն ունենալու համար մեծ ծավալներ չեն կարող ընդգրկել, որովհետև այդ ծավալներն այդ երկրներում իրականում գոյություն չունեն, ուստի ոչ թե դուրս են մղվում մրցակցության դաշտից, այլ ուղղակի նպատակահարմար չեն համարում իրենց գործունեությունը փոքր տնտեսական դաշտում և փնտրում են ավելի մեծ տնտեսական դաշտ»,- պարզաբանեց Մելիքյանը:

Դիտարկմանը` միշտ նշվում է, որ տնտեսությունն ահավոր վատ վիճակում է, բայց պատասխանատվության ենթարկվածներ այդպես էլ չեն լինում, նոր կառավարություն է գալիս, նախորդի էջը փակվում է, պատգամավորը պատասխանեց. «Այն թերությունները, այն բացթողումները, որ նախկին կառավարման ընթացքում եղել են, հաշվի են առնվում ապագայում, գործող իշխանությունների, գործող կառավարության կողմից, և անպայման դրանցից դասեր քաղում են»:

Մելիքյանը չհամաձայնեց այն կարծիքի հետ, որ վատ աշխատանք կատարելու համար պատասխանատվության ենթարկված պաշտոնյաններ չկան: Նա նշեց, որ Վերահսկիչ պալատի կողմից բավականին լուսաբանումներ եղել են, ստուգումներ կատարվել են, կոնկրետ անուններ հայտարարվել են: «Մրցակցությունն ուսումնասիրող հանձնաժողովի կողմից էլ վերջերս մի քանի անուններ հրապարակվեցին, և բոլորը համապատասխան իրավապահ մարմինների կողմից պատասխանատվության ենթարկվում են: Այնպես չէ, որ որևէ մեկը պատասխանատվություն չի կրել և պատասխանատվություն չի կրում»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը` Տիգրան Սարգսյանը 375 հազար դոլարանոց բիոզուգարաններ տեղադրեց, որոնք ընդհանրապես չօգտագործվեցին, նրան պատասխանատվության ենթարկեցի՞ն ոչ արդյունավետ գնումների համար, Մելիքյանը պատասխանեց. «Այդ ծրագիրն իրականացնողը պետք է կանչվի և հետաքրքրություն ներկայացնող հարցերին պատասխաններ տա, թե ինչու է կոնկրետ նմանատիպ ծրագիր իրականացրել: Կան հստակ պատասխանատուներ և կան հստակ պատասխանատվության ենթարկվող այն անձինք, ովքեր որ ոչ ծրագրային, ոչ ճիշտ քաղաքականության հետևանքով նաև տնտեսությանը որոշակի չափով վնասներ են հասցնում»: