կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-18 14:26
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանը բացատրեց, թե ինչու է զարմանում

Հովիկ Աբրահամյանը բացատրեց, թե ինչու է զարմանում

ԱԺ ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը ՎՊ տարեկան հաշվետվության վերաբերյալ հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը նախ դրական գնահատեց ՎՊ-ի զեկույցի շուրջ ծավալված քննարկումները եւ ընդգծեց, որ իշխանությունն է խոսում իր բացթողումների ու շահարկումների մասին։ Ըստ Աբրահամյանի` միայն ուժեղ իշխանությունը կարող է այդ կերպ վարվել։

 

ԱԺ նախագահը վստահեցրեց, որ իրենց նպատակը որևէ մեկի վրա անհիմն ցեխ շպրտելը չէ, այլ չարաշահումների բացառումը: Նա հայտարարեց, որ իր զարմանքը որոշ մարդկանց զարմացնում է։ «ՀՀ նախագահը պայմանավորվածություն չունի որևէ նախարարի, մարզպետի հետ, որ պիտի պաշտոնի գան ու չարաշահումներով զբաղվեն, եւ դրա համար մենք զարմանում ենք: Իմ զարմանքը որոշ մարդկանց զարմացնում է, թե ինչու եմ ես զարմանում: Ես զարմանում եմ, որովհետեւ մենք նման պայմանավորվածություն չունենք որեւէ մեկի հետ, որ պետք է գնան պաշտոնի եւ զբաղվեն չարաշահումներով: Եվ դրա համար ենք մենք զարմանում, խոսում, քննադատում»,- հայտարարեց ԱԺ նախագահը եւ ընդգծեց, որ պատկան մարմինները պետք է պատասխանատվության ենթարկեն չարաշահողներին:

 

Աբրահամյանը նշեց, որ պետք է որեւէ ձևաչափ մտածել, որ այդ պատասխանատու ամբիոնից հնչեն հիմնավոր մեղադրանքներ։ Նա առաջարկեց ՎՊ հաշվետվությունը քննարկել համապատասխան հանձնաժողովներում` գործադիրի համապատասխան կառույցների, ՎՊ-ի և գլխավոր դատախազության մասնակցությամբ։ Աբրահամյանը վստահ է, որ չարաշահումներն արմատախիլ անելու բանալին ՎՊ-կառավարություն-դատախազություն-ԱԺ համագործակցությունն է ու իրենց հետեւողականությունը։

 

ԱԺ նախագահն առաջարկեց կառավարությանը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնել շինարարական և գնումների ոլորտի նորմատիվները։ Նա դիմեց նաև ՎՊ-ին, կառավարությանը, ԱԺ հանձնաժողովներին՝ ԱԺ ներկայացնել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը կնպաստի չարաշահումների բացառմանը։ Ըստ Աբրահամյանի` եթե ԱԺ-ն հաստատի, այլ ոչ թե ի գիտություն ընդունի ՎՊ հաշվետվությունը, ապա ՎՊ-ն կդադարի անկախ կառույց լինելուց եւ կվերածվի ԱԺ կցորդի։

 

Աբրահամյանը նաեւ վստահեցրեց, որ անկեղծ են իրենց գնահատականներում եւ անընդունելի են համարում, որ ՎՊ-ն փաստեր ներկայացնի, իսկ ԱԺ-ն լռի։ «Ես առաջարկում եմ այս փաստաթուղթն ուղարկել դատախազություն՝ վերջինիս առաջարկելով այդ գործընթացների մասին պարբերաբար տեղյակ պահել ԱԺ-ին եւ կառավարությանը։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ մեր երկրում չարաշահումներ չլինեն։ Մենք պատասխանատու ենք մեր գործողությունների համար եւ շատ լավ գիտակցում ենք, դրա համար մեծամասնություն ենք»,- հայտարարեց ԱԺ նախագահը։