կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-17 12:02
Քաղաքական

ԲՀԿ-ական պատգամավորի հյուրանոցից մարմնավաճառների են բաժին հրավիրել. պատգամավորը բացատրեց իրավիճակը

ԲՀԿ-ական պատգամավորի հյուրանոցից մարմնավաճառների են բաժին հրավիրել. պատգամավորը բացատրեց իրավիճակը

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ «երեկ՝ փետրվարի 16-ին` ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Մաշտոցի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասում գտնվող հյուրանոցային համալիրի տարբեր սենյակներից բաժին են հրավիրել հյուրանոցային համալիր պոռնկությամբ զբաղվելու համար այցելած մարմնավաճառներ` 1983 թ. ծնված Մարինե Ս.-ին, 1974 թ. ծնված Նաիրա Հ.-ին, 1978 թ. ծնված Հայկուհի Մ.-ին և 1983 թ. ծնված Սիրանուշ Վ.-ին: Պարզվել է նաև, որ նշված սենյակներում հեռուստացույցով հեռարձակվում են պոռնոգրական նյութեր պարունակող ֆիլմեր: Կատարվում է հետաքննություն»:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` նշված հյուրանոցային համալիրը պատկանում է ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի ընտանիքին:

 

Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորը նախ հաստատեց, որ իր ընտանիքին պատկանող հյուրանոցային համալիրում երեկ ոստիկանները խուզարկություն են կատարել: «Ստուգողները, սպեցնազը եկել, ստուգել են ու գիշերը գնացել են: Մեր հյուրանոցը հասարակական հանգստի վայր ա, նորմալ հյուրանոց, ի՞նչ պետք ա հայտնաբերեին, ոչինչ էլ չեն հայտնաբերել: Ինչ էլ ասես, կարող են ասել, ում վրա ինչ ասես, կարող են «կարել», օրերն են խառը…»,- հայտարարեց պատգամավորը:

 

Մեր այն դիտարկմանը, որ, բացի ստուգումների մասին հաղորդագրությունից, ոստիկանությունը տեղեկություն է տարածել, որ հյուրանոցից մարմնավաճառների են բաժին հրավիրվել, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ իրենց հյուրանոցում մարմնավաճառներ չկան:

 

«Մեր հյուրանոցը սովորական հյուրանոց է, որտեղ ամեն մարդ էլ կարող է մնալ՝ ինժեներ, քաղաքացի, գյուղացի…Մեր հյուրանոցի ղեկավարությունն իրեն չի կարող թույլ տալ ստուգել, թե հյուրանոցի հաճախորդներն ում հետ են այցելում հյուրանոց: Հաճախորդի հետ կարող է լինել նրա հարազատ կինը, կարող է եւ մարմնավաճառ լինել… Ի՞նչ է, չափանիշնե՞ր գոյություն ունեն, թե ում թողնել հյուրանոց, ում չթողնել: Ես չեմ հասկանում` հյուրանոցի տնօրինությունն ի՞նչ իրավունք ունի ասելու` դու մի' մտի, դու մտի: Հո թեստ չե՞նք անելու մարդկանց, կամ հո ճակատին գրված չի՞, թե ով ով է»,- ասաց նա:

 

Անդրադառնալով երեկվանից ԲՀԿ-ականների նկատմամբ կիրառվող գործողություններին` պատգամավորը հայտարարեց, որ այդ ամենը հետապնդում է: «Երեսուն քանի թիվն ա եկել մեր Հայաստան: Հերիք չի էս ծանր իրավիճակը կա, էլի են գազազացնում ժողովրդին: Ի՞նչ է, ուզում են դրանով ճնշումնե՞ր գործադրել: Առանց այդ էլ սաղ ժողովուրդը ճնշված վիճակում ա, էլ դրանից էն կողմ ի՞նչ ճնշվածություն»,- ասաց նա եւ կրկին անդրադարձավ հյուրանոցին. «Մեր հյուրանոցը հասարակական վայր է, որտեղ մարդիկ հանգստանում են` որը ռայոնից ա եկել, որը դրսից եկած մարդիկ են: Նույն հյուրանոցի կոնտինգենտը կարա լինի հինգ աստղանի մեկ ուրիշ հյուրանոցում: Խի՞ եք հյուրանոցում հայտնաբերում նման մարդկանց: Եթե նման մարդկանց միջոցով ուզում եք մարդուն վարկաբեկել` գնացեք քաղաքի կենտրոնում տեսեք` ամեն փողոցի անկյունում ով է կանգնած: Ուրիշ բան, որ դու աջակցես դրան (մարմնավաճառությանը-խմբ.) կամ սպասարկես դրան: Բայց երբ մարդը ինչ-որ մեկի հետ գալիս ա հյուրանոց` հանգստանալու, ի՞նչ կապ ունի դա հյուրանոցի տնօրինության հետ»:

 

Պատգամավորը վստահեցրեց, որ իր հյուրանոցը բարձրակարգ է, ուր իջեւանել են անգամ դեսպաններ, բարձրաստիճան օտարերկրյա հյուրեր: Նա նաեւ կարծում է, որ գործող իշխանությունների վատ քաղաքականության արդյունքում է, որ մարդիկ, ելնելով սոցիալական եւ մի շարք այլ վատ պայմաններից, դառնում են մարմնավաճառ: