|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանում քննադատական մի քանի ձայն հնչեց՝ Իլհամ Ալիևին մեր պատվիրակության հարց չտալու կապակցությամբ: Փորձեմ առավել հստակ և մատչելի պարզաբանել. ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամությունը ենթադրում է նաև դիվանագիտական բնույթի աշխատանք, հետևաբար և՝ դիվանագիտական մոտեցումներ:
Եթե ունես մի քանի վայրկյան տևողությամբ հարցի իրավունք միայն, իսկ պատասխանողն՝ անսահմանափակ ժամանակ՝ իր «հակափաստարկներն» առանց պատասխանի ակնկալիքի հնչեցնելու՝ անհրաժեշտ է հաշվարկել նման հարցի օգտակարության կամ վնասակարության գործակիցը: Եվ դա՝ անկախ հարցի արդարացիությունից կամ որակից:
Հարցն ինքնանպատակ չի կարող և չպետք է լինի: Եվ եթե ինքնանպատակ է՝ ապա դատապարտված է ձախողման, դարձյալ՝ անկախ իր արդարացիությունից կամ որակից: Հայկական պատվիրակության լռությունը հաշվարկված և ինչպես դեպքը ցույց տվեց՝ արդարացված լռություն էր:
Լռություն, որ անսպասելի էր նախագահ Ալիևի համար և հիմք հանդիսացավ՝ մեր եվրոպացի գործընկերների կողմից հնչեցված հարցերին նրա խիստ անհավասարակշիռ և ռեակցիոն պատասխանի և վարքագծի, որն իր հերթին ԵԽԽՎ միջանցքներում խիստ բացասական տպավորություն գործեց՝ հենց ամենասկզբից փաստացի վարկաբեկելով Ադրբեջանի նախագահությունը: Լռություն կա, որ բազում խոսքերից առավել զորեղ է:
Հայկական պատվիրակության լռությունը հաշվարկված, արդարացված և արդյունավետ լռություն էր: Եվ այդ լռությունը գնահատել է պետք: Հայաստանյան մեր ընդդիմախոսներին նույնպես գոնե այս պարագայում՝ լռությունը չէր խանգարի»: