կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-04 19:13
Տնտեսական

Նախարարը բացատրեց, թե ինչու գազի գինը չի իջնելու շարքային սպառողի համար

Նախարարը բացատրեց, թե ինչու գազի գինը չի իջնելու շարքային սպառողի համար

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ 2013թ. տարիֆներով գազի գինը սահմանի վրա 189 դոլար է կազմում: «Այսօր լուծումները գտնված են, որ գազի գինը փոփոխության ենթակա չի ո'չ հիմա, ո'չ էլ առաջիկա տարիներին»,- ասաց նա:

 

Ըստ նախարարի` «Հայռուսգազարդ»-ի հայտը եղել է 270 դոլար, կառավարությունը դիմել է կարգավորող հանձնաժողովին, որ 270 դոլարի և 189 դոլարի տարբերության խնդիրը կառավարությունը վերցնի իր վրա:

 

Անդրադառնալով 300 միլիոն դոլար պարտքին` նա նշեց, որ դեռ 2011-ից գազի գները սպառողների համար չեն փոխվել, ահա` ինչու բանակցություններ էինք տանում ռուսական կողմի հետ, որ երկարաժամկետ կտրվածքով գներ սահմանվեն, բանակցությունները ավարտվել են, պայմանավորվածություն կա տարիֆներ սահմանել առաջիկա հինգ տարվա համար:

 

Ըստ նախարարի` «Հայռուսգազարդի» վրա առաջացած բեռը կազմում է շուրջ 1,1 միլիարդ դոլար, որից 600 միլիոն դոլարը այսօրվանից մինչև 2018 թվականը պետք է առաջանար, և 300 միլիոն դոլար, որն առաջացել է 2011թ. ապրիլի 1-ից առ այսօր: Բանակցությունների արդյունքում այդ 300 միլիոնի կեսը Հայաստանն է վճարում, կեսը` ռուսական կողմը:

 

«Այն բեռը, որ պետք է առաջանար Հայաստանի սպառողների վրա, որը կազմում է 1000 խորանարդ մետրի կտրվածքով` 80 դոլար, ռուսական կողմը ազատում է մեզ դրանից»,- ասաց Արմեն Մովսիսյանը: Նա բացատրեց, թե ինչու է սպառողին հասցվող գազը ավելի թանկ: Նա նշեց, որ Հայաստանում գործում է երկու տեսակի գազ, որն օգտագործվում է տարբեր ճնշումների տակ` բարձր և ցածր: Ցածր ճնշման գազն օգտագործում են սպառողները: Գազը ի սկզբանե ստանում են բարձր ճնշման տակ, և պետք է հավելյալ աշխատանք ու ծախս արվի, որ դարձնեն այն ցածր ճնշման ու հասցնեն սպառողին: Սակագինը ձևավորվում է հետևյալ կերպ` սահմանի վրա հաշվարկվող գին, գումարած աշխատանք, գումարած ավելացված արժեքի հարկ:

 

Ինչ վերաբերում է Պուտինի այն հայտարարությանը, թե Հայաստանին տրվող գազը հաշվարկվելու է Ռուսաստանի ներքին գներով, նախարարի խոսքով` այդ հայտարարությունը նշանակում էր, որ Հայաստանի համար կկիրառվեն Ռուսաստանի ներքին գները` գումարած ճանապարհածախսը` Վրաստանի տարածքով մինչև Հայաստանի սահման ճանապարհի: