կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-28 16:26
Առանց Կատեգորիա

Խնդիրը պահանջում է իմանալ

Խնդիրը պահանջում է իմանալ

Գրող Վահրամ Մարտիրոսյանի մասին համացանցն ասում է, որ նա 1981-ին ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, ապա` 1983-ին` Բրյուսովի անվան համալսարանի հոգեբանության եւ մանկավարժության գծով մագիստրատուրան, ապա` 1984-ին` ԵՊՀ ռուս գրականության ասպիրանտուրան ավարտելուց հետո, որտեղ, ի դեպ, նրա թեկնածուական թեզը եղել է ռուս բանաստեղծ Ալեքսանդր Բլոկի հայերեն թարգմանությունը, 1987-88-ին գրող-թարգմանիչների փոխանակության ծրագրով հունգարերեն է ուսումնասիրել Բուդապեշտում: Մի խոսքով` այլ լեզուների հարցում վստահ չեմ, բայց պարոն Մարտիրոսյանը գիտի հայերեն, ռուսերեն եւ հունգարերեն: Սա շատ կարեւոր է, նկատի ունեմ՝ օտար լեզու իմանալը, այն էլ` այսօր, երբ խնդիրը պահանջում է իմանալ: Իմիջիայլոց՝ «Խնդիրը պահանջում է իմանալ»-ը պարոն Վահրամ Մարտիրոսյանի պիեսներից մեկն է, ինչպես նշված է համացանցում` նրա ամենաուշագրավ աշխատություններից մեկը…

Դե, ինչ, պարո'ն Մարտիրոսյան, ինչպես Դուք եք ասում, խնդիրը պահանջում է իմանալ: Օրինակ` այն, որ կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ամենեւին էլ չի ասել, որ ռուսաց լեզուն կարող է, պետք է դառնա Հայաստանի պետական լեզու, ո'չ հայերենին զուգահեռ, ո'չ էլ, առավել եւս, դրա փոխարեն: Նախարարը վերջին օրերին բազմիցս հայտարարեց, որ կարիք կա Հայաստանում օտար լեզուների, շեշտում եմ՝ օտար լեզուների, նաև, կրկնում եմ, օտար լեզուների թվում ռուսաց լեզվի խորացված ուսումնասիրման, դրանց ուսուցման եւ իմացության մակարդակի բարձրացման, բայց ՀՀ պետական լեզվի փոփոխման մասին խոսք գնալ անգամ չի կարող: Այլ կերպ՝ ՀՀ պետական լեզուն հայերենն է, եւ նրա կողքին այլ ցանկացած լեզվի գոյության մասին խոսք գնալ անգամ չի կարող: Սա գիտեի՞ք, լսել էի՞ք: Իհարկե, հնարավոր է, որ չեք լսել, բայց այդ պարագայում ինչո՞ւ եք ասուլիս հրավիրում եւ այնտեղ հայտարարում, թե նախարարն ասել է, որ ՀՀ պետական լեզու է դառնում ռուսերենը, եւ լավ կլինի, որ նախարար Մկրտչյանն իր հարազատ ՀՅ Դաշնակցության մեջ ռուսերենը դարձնի պետական լեզու: Ո՞ւմ եք ձեռ առնում` Դաշնակցությա՞նը, Մկրտչյանի՞ն, կարծում եմ՝ ո'չ առաջինին, ո'չ էլ երկրորդին, քանի որ ո'չ առաջինը, ո'չ էլ երկրորդը ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու մասին բան չեն ասել: Այ Ձե՞զ, չգիտեմ, համենայն դեպս` խնդիրը, մանավանդ` այն, որի մասին մենք խոսում ենք, պահանջում է իմանալ, ցանկալի է` նախքան դրա մասին խոսելը:

Ուրեմն հարցը հետեւյալն է` պե՞տք է, որ Հայաստանում օտար լեզուների ուսուցման եւ իմացության մակարդակը բարձրանա, այսինքն` շատերն իմանան եւ իմանալուց էլ շատ լավ իմանան, օրինակ` ռուսերեն եւ հունգարերեն: Իմ կարծիքով՝ պետք է, ավելին` ես, օրինակ, հնարավորության եւ ազատ ժամանակի պարագայում, անպայման պորտուգալերեն էլ կսովորեմ: Վստահ եմ, որ Դուք եւս չէիք ցանկանա, որ իմանայիք միայն հայերեն եւ չկարողանայիք Ձեր մասնագիտությունը հանդիսացող ռուս գրականության նմուշները բնագրով չկարդալ: Ի դեպ, նախարարը հենց դա էլ ասում է, որ պետք է բարձրացնել օտար լեզուների, այդ թվում՝ ռուսերենի իմացության մակարդակը մեր երկրում: Ուրեմն ո՞րն է խնդիրը…Պարզվում է՝ չկա:

Բայց Դուք իրավացի եք, խնդիրը պահանջում է իմանալ, քանի որ կարող է պարզվել, որ խնդիր չկա էլ:

Հովիկ Աֆյան