կարևոր
10267 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-29 16:04
Տնտեսական Քաղաքական

Մեր խնդիրը հիմա պետք է լիներ ոչ թե տոնածառը կամ լուսավորությունը, կամ  նույնիսկ հացի խնդիրը, այլ՝ մեր ապրելու խնդիրը․ Թադևոս Ավետիսյան

Մեր խնդիրը հիմա պետք է լիներ ոչ թե տոնածառը կամ լուսավորությունը, կամ  նույնիսկ հացի խնդիրը, այլ՝ մեր ապրելու խնդիրը․ Թադևոս Ավետիսյան

Եվս մեկ անգամ, շատ հստակ, ակնհայտ է դառնում իշխանությունների վարող հակասոցիալական քաղաքականությունը։ Առաջին հայացքից, ինչ-որ չափով փորձեցին արձագանքել այս ահագնացող գնաճին, բայց ոչ համարժեք, քան արդեն արձանագրված գնաճն է, ավելի ցածր չափով։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ կենսաթոշակները բարձրացրել են 3000 դրամով, բայց միաժամանակ մարդկանց կտրել են նպաստից։

«Փորձում են 2023 թ․-ի կեսից բարձրացնել  կենսաթոշակները, և դա ներկայացնում են որպես սոցիալական կարևոր քաղաքականության բաղադրիչ։ Բայց մյուս կողմից, փաստացի, թոշակների 2-3 հազար դրամի բարձրացումը բերում է նրան, որ այն ընտանիքներում, որտեղ կան թոշակառուներ և այդ ընտանիքը համարվում է աղքատ ընտանիք, այդ ընտանիքները զրկվում են անապահովության նպաստից։ Այսինքն 2-3 հազար դրամ բարձրացնում են թոշակը, ընտանիքի եկամուտը ավելանում է 2-3 հազար դրամով, մյուս կողմից էլ 30-35 հազար դրամով կրճատվում է այդ ընտանիքի նպաստը, որը նորից վճարում է պետությունը»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ նախկինում, այսպիսի իրավիճակներից խուսափելու համար, ընտանիքի եկամուտները սոցիալական նպաստներով էր ավելում և ընտանիքին անապահովության նպաստից չզրկվելու համար, այդ ավելացումները հաշվի չէին առնվում անապահովության գնահատման համակարգում և դա տրամաբանական էր ու արդար։ Դա ուներ սոցիալական հստակ միտվածությունը։

«Իսկ սրանք փաստացի սա չեն արել, և վաղն էլ նվազագույն աշխատավարձի, ենթադրենք, 10 տոկոսով աճը նույն կերպ կարող է բերել նույն աշխատող աղքատ ընտանիքի նպաստից զրկման։ Այսպիսի իրավիճակներում իհարկե կան ժամանակավոր լուծումներ, մեծ խելք պետք չէ սրա համար ունենալ։ Առանց այն էլ, օրինակ, աղքատ ընտանիքը, որն իր կազմի մեջ ունի կեսաթոշակառու, իր բյուջեն ամսեկան ավելացնում է 3-4 հազարով, իսկ փաստացի, նպաստը հիմնական եկամուտն է այդ ընտանիքի, չնայած, ասեմ, որ նպաստի միջին չափը անապահով ընտանիքների մոտ 35 հազար է, մի բան էլ պակաս, բայց մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղը 76 հազար 500 դրամ է։ Այսպիսի իրավիճակում, երբ հարյուրավոր բողոքող ընտանիքներ բարձրաձայնում են դրա մասին, դրան որևէ կերպ հնարավոր չէ դրական կամ չեզոք  արձագանքել»,- ասաց նա։

Հարցին, թե այսպիսի գնաճի ֆոնին կառավարությունը հազարավոր դոլարներ է տրամադրում քաղաքը զարդարելուն ՀՅԴ-ական գործիչը նշեց․

«Մեր երկրում հետևողականորեն ավելանում է աղքատությունը, և այս իշխանությունների օրոք, իրենց խոստացածի ճիշտ հակառակ պատկերն ունենք։ Բարձր տեմպով ավելանում է թերսնվող մարդկանց քանակը, դրանց մեջ հիմնականում ավելանում է թերսնվող երեխաների թիվը։ Այսպիսի իրավիճակում մարդկանց հացով, ջրով և անվտանգությամբ չեն կարողանում ապահովվել և դա փորձում են, ինչպես ժողովուրդն է ասում, պարով և տոնական պերճանքներով փաթեթավորել։ Իհարկե սա չի կարող դրական ընդունվել, էլ ուր մնաց, որ սա համարենք սոցիալական կամ տնտեսական։ Այս իշխանությունները քանդել են հանրային կյանքի բոլոր ոլորտների հենասյուները։ Մեր թեման հիմա պետք է լիներ ոչ թե տոնածառը կամ լուսավորությունը, կամ  նույնիսկ հացի խնդիրը, այլ այսօր առաջնահերթ օրակարգ է դարձել մեր ապրելու խնդիրը։ Մեր երկրում ապրելու, գոյատևելու, մեր անվտանգության խնդիրները եկել ու դարձել են առաջնային օրակարգ։ Ամեն օր, հետևելով լրահոսին, տեսնում ենք, որ թշնամին շարունակում է կրակել, շարունակում է մեր սահմանների վրա հարձակողական և նվաճողական ողջ ձգտումները, թշնամին գտնվում է մեր հայրենիքի ինքնիշխան տարածքում և ախորժակը ամեն օր բացում է, և դրա մասին հայտարարում ի լուր աշխարհին։ Աշխարհաքաղաքական ռիսկերն էլ դրան զուգահեռ խորանում են տարածաշրջանում, թե՛ Ռուս- ուկրաինական պատերազմում,  թե՛ լարվածության մնացած օջախներում, մեծ ռիսկերի և անորոշությունների պարագայում այսօրվա իշխանությունները իրենց մեծ անելիքը, և թելը, որից կախված են, փորձում են շոուներ կազմակերպելով, մարդկանց մոլորեցնել, քանի որ մեր երկրի թիվ մեկ արհավիրքը մեր երկրի ներսում է, և դա հենց այսօրվա իշխանություններն են»,- ասաց նա։

Լ.Ա.