կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-23 19:00
Հասարակություն

Գյուղացու թիվ մեկ խնդիրը լուծելու համար պետք է ոռոգման ջրի խնդիրը լուծենք. Արագածոտնի նախկին մարզպետ

Գյուղացու թիվ մեկ խնդիրը լուծելու համար պետք է ոռոգման ջրի խնդիրը լուծենք. Արագածոտնի նախկին մարզպետ

Այս տարվա պետբյուջեի միջոցներով հնարավոր չէ, այն դպրոցում, որտեղ 10 տարի կրթվել և դաստիարակվել եմ, վերանորոգման աշխատանքներ իրականացնել. «Երկիր Մեդիա»-ի «Հարցեր՝ դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասաց Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ Աշոտ Սիմոնյանը:

«Ես փորձեցի դա անել գյուղի դպրոցում կրթված այն շրջանավարտների ֆինանսական միջոցներով, որոնք սրտացավ են և քիչ թե շատ ֆինանսապես կայացած: Հավատացած եղեք, որ արձագանքը շատ բուռն եղավ, մեր սպասածից նույնիսկ ավելի մեծ: Շատ կարճ ժամանակահատվածում մենք մեր դպրոցի մեկ երրորդը վերանորոգեցինք, և արդյունքն այնքան տպավորիչ էր, որ երբ բարերարները տեսան, խոստացան, որ մնացած երկու երրորդի վերանորոգման խնդիրը եկող տարվաընթացքում կլուծեն: Երբ հավատում են ինչ-որ մեկին, գումար էլ են տրամադրում: Հարկավոր է հավատ և գործ»,- ասել է նա:

Անդրադառնալով Հյուսիս-հարավ ավտոճանապարհին` Սիմոնյանը նշել է, որ ինքն ի սկզբանե ասել է, որ այդ ճանապարհի կառուցումը Հայաստանի թիվ մեկ խնդիրը չէ` նման հսկայական կապիտալ ներդրումներ անելու առումով:

«Անշուշտ, ճանապարհը, ենթակառուցվածքները շատ կարևոր են տնտեսության զարգացման համար, բայց Հյուսիս-հարավի շինարարությունն ու դրա վրա ծախսված միլիարդները, իմ խորին համոզմամբ, թիվ մեկ խնդիրը չէին Հայաստանի Հանրապետության համար: Եթե լուծեինք, շատ լավ կլիներ, բայց… Երբեմն այս տեսակետը հայտնելուց հետո ինձ հարցնում են` հակառակ պարագայում Դուք ի՞նչ կանեիք: Ես ոռոգման ցանցը կվերանորոգեի, որովհետև մենք ունենք հսկայական չմշակվող ցանքատարածություններ, որոնց չմշակման պատճառը ոռոգման ջրի բացակայությունն է: Իսկ ոռոգման ջուր չունենք, քանի որ ցանցերն անմխիթար վիճակում են: Գյուղացու թիվ մեկ խնդիրը լուծելու համար մենք պետք է ոռոգման ջրի խնդիրը լուծենք»,-ընդգծել է Սիմոնյանը` ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ ոռոգման ջրի ընդամենը 40 տոկոսն է հասնում գյուղացուն: