կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-27 14:56
Քաղաքական

Մեր խնդիրը մարդկանց վրա մի բան գտնել ու քննադատելը չէ, մեր խնդիրը դատական խորհուրդ ձևավորելն է. Աղվան Վարդանյան

Մեր խնդիրը մարդկանց վրա մի բան գտնել ու քննադատելը չէ, մեր խնդիրը դատական խորհուրդ ձևավորելն է. Աղվան Վարդանյան

ԱԺ-ն ընտրելու է կոալիցիոն ուժերի` ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կողմից ներկայացված` Բարձրագույն դատական խորհրդի կազմը: Նշենք, որ կոալիցիան ներկայացրել է հինգ հոգու` առաջին պաշտոնում՝ Գագիկ Գարուշի Հարությունյան, երկրորդ պաշտոնում՝ Գևորգ Բալաբեկի Դանիելյան, երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյան, չորրորդ պաշտոնում՝ Հայկ Արտաշեսի Հովհաննիսյան, հինգերորդ պաշտոնում՝ Սերգեյ Գուրգենի Մեղրյան:

Թեկնածուներն արդեն իսկ հանդես են եկել ելույթներով և պատասխանել պատգամավորների հարցերին: Այժմ խորհրդարանում մտքերի փոխանակության ժամ է: Ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա ընդգծեց, որ մեր պետականության կայացման այս փուլում դատական համակարգի անկախությունը, իրավունքի գերակայությունն ամենաառանցքային խնդիրներից են, և այստեղ տարակարծություն չկա:

«Սահմանադրական նոր կարգավորումները կարծես դուռ են բացում գոնե տեսական, գոնե փորձելու առումով` հնարավորինս անկախացնելու մեր դատական համակարգը, որովհետև, առանց անկախ դատական համակարգի, և' տնտեսական, և' քաղաքական հարաբերությունները, նաև արդարադատությունն իրականանալի չեն, ինչը նշանակում է պետության զարգացման բացառում»,- շեշտեց Վարդանյանը:

Ըստ նրա` կա մի պետության փորձառություն, որի օրինակը մեզ հետ համեմատելի է: «Այդ երկիրն իր անկախության 25-րդ տարում իր բոլոր ցուցանիշներով` ժողովրդավարության, դատարանների անկախության, մեր 25 տարվա հետ համեմատելի է, բայց նրանք անկախության 25 տարում դուրս եկան պատերազմից` վերագնահատելով իրենց երկրի բոլոր խնդիրները: Հանրության պահանջով գնացին արմատական փոփոխությունների. և' կոռուպցիայի դեմ, և' դատարանների անկախացման ու ժողովրդավարության հաստատման պայքարում ցուցանիշներն աճում են, և նրանք այսօր համարվում են ամենաազդեցիկ երկրներից մեկը»,- նշեց պատգամավորը  և հարց հնչեցրեց`ի՞նչ ենք անում մենք: Նա վստահություն հայտնեց, որ մենք այլ ճանապարհ չունենք, քան գնալ սահմանադրական բարեփոխումները կատարելու ուղղությամբ:

«Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, սահմանադրական կարգավիճակը հենց սրան են ուղղված, որքան էլ մենք այս դահլիճը վերածենք հավատաքննության մեխանիզմի, որքան էլ խոսենք միայն անցյալից, պետք է տեսնենք, որ այստեղ կա ձևավորված խնդիր: Արդյո՞ք մենք` որպես Ազգային ժողով, կարողանալու ենք հետևողական լինել, որպեսզի այս խնդիրը լուծենք` ուրիշների փորձը նկատի ունենալով: Սա հսկայական պատասխանատվություն է այն մարդկանց համար, ովքեր Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուներ են»,- ասաց Վարդանյանը:

Պատգամավորը նշեց, որ, ծանոթ լինելով թեկնածուներին, կարող է ասել, որ նրանց մոտ այդ պատասխանատվությունն առկա է: «Պարոն Գագիկ Հարությունյանին ներկայացնելու կարիք չկա, բայց այն, ինչ արեց մեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, մեր իրականության ճշգրիտ ախտաճանաչման և  խնդիրները ճիշտ ձևակերպելու առումով, որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ, այդ թվում` մենք, որ տարիներ շարունակ ընդդիմություն ենք եղել, այդքան ճշգրիտ չէինք ձևակերպել մեր հիվանդությունները, երկրի խնդիրները»,- շեշտեց նա:

Վարդանյանն անդրադարձավ Հարությունյանի ելույթին և ասաց, որ նա նշել է, թե ինչպես պետք է լուծեն խնդիրները, և ինքը համոզվեց, որ ընտրված ուղղությունը ճիշտ է:

«Պարոն Գևորգ Դանիելյանն էլ մեր ամենաբարձրակարգ պրոֆեսիոնալներից է` բանիմաց, պարկեշտ: Լսեցինք բոլոր թեկնածուներին: Փորձել մարդկանց վրա գտնել մի բան, որ կարողանաս քննադատել նրանց, այսօրվա խնդիրը չէ: Մեր խնդիրը դատական խորհուրդ ձևավորելն է: Հուսանք, որ նաև դատավորների ժողովը լավագույն ընտրություն կկատարի, որպեսզի մեր երկրի համար առանցքային կարևոր դատական համակարգի անկախության լուծումը կարողանանք քայլ առ քայլ լուծել»,- եզրափակեց պատգամավորը: