կարևոր
5512 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-25 22:42
Աշխարհ

Կատարողին գիտենք, ուզում ենք պատվիրատուին իմանալ․ Պուտինը՝ «Կրոկուսի» ահաբեկչության մասին

Կատարողին գիտենք, ուզում ենք պատվիրատուին իմանալ․ Պուտինը՝ «Կրոկուսի» ահաբեկչության մասին

Ահաբեկչությունն իրականացնողը հայտնի է, սակայն Մոսկվային հետաքրքիր է՝ ով է եղել պատվիրատուն։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության մասին։

«Ահաբեկչությունն իրականացվել է արմատական իսլամիստների ձեռքով։ Սա օղակ է նրանց փորձերի մի ամբողջ շարքի մեջ, ովքեր 2014 թվականից նեոնացիստական Կիևի ռեժիմի ձեռքով կռվում են Ռուսաստանի դեմ»,- ասել է ՌԴ նախագահը։

Նրա կարծիքով՝ ահաբեկչությունը միանգամայն տրամաբանորեն տեղավորվում է ահաբեկման այն ակցիաների մեջ, որոնք իրականացնում է Կիևը։

«Պետք է պատասխանել այն հարցին, թե ինչու էին ահաբեկիչները «Կրոկուսում» հանցագործություն կատարելուց հետո փորձել մեկնել Ուկրաինա, ով էր նրանց այնտեղ սպասում»,- ասել է ՌԴ նախագահը։

Ռուսաստանի առաջնորդը նաև նշել է, որ ԱՄՆ-ն տարբեր խողովակներով փորձում է բոլորին համոզել, թե «Կրոկուսում» տեղի ունեցած արյունալի ահաբեկչության մեջ Կիևի հետքն իբր չկա, հետևում կանգնած է արգելված Իսլամական պետությունը։ Պուտինի խոսքով՝ պետք է ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, այդ թվում՝ արդյոք արմատական իսլամիստները որոշել էին հարված հասցնել Ռուսաստանին։

«Ռուսաստանի հասարակությունը ցույց տվեց իսկական համերաշխության և փոխադարձ աջակցության օրինակ։ Նրանք, ովքեր ծրագրել էին այս ահաբեկչությունը, հույս ունեին խուճապ և տարաձայնություններ սերմանել հասարակության մեջ, բայց նրանք հանդիպեցին միասնության և դիմակայելու վճռականության»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաև շեշտել է՝ չնայած «Կրոկուսում» ահաբեկչության մեղավորներին պատժելու ցանկությանը, հետաքննությունը պետք է ընթանա օբյեկտիվ և առանց կողմնակալության։

Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով տուժել է 285 մարդ (այդ թվում՝ 8 երեխա), որոնցից 137-ը մահացել են (այդ թվում՝ 3 երեխա)։ Բուժհաստատություններ են տեղափոխվել և հոսպիտալացվել 114 մարդ, որից 4-ը՝ երեխա։