կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-02 11:42
Քաղաքական

Նախատեսվում է անապահովության արմատական վերանայում. Արտեմ Ասատրյան

Նախատեսվում է անապահովության արմատական վերանայում. Արտեմ Ասատրյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ սոցիալական պաշտպանվածության ոլորտում որոշակի միջոցների ավելացումն ուղղված է ընտանիքների կենսամակարդակի բարձրացման և ընտանեկան նպաստների բարձրացման ծրագրին՝ շուրջ 1.1 միլիարդով, քանի որ օգոստոսին 1000 դրամով ավելացել են նպաստների չափը, ինչպես նաև զինծառայողների ընտանիքներին տրվող պարգևատրումները:

Ինչ վերաբերում է սոցիալական պաշտպանության ոլորտում տարվող քաղաքականությանը, նախարարի խոսքով, սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի բարելավման հետ կապված, կառավարությունն ունի որոշակի պատկերացումներ, և դեռևս անցած տարվանից աշխատանքներ, առարկայական հետազոտություններ են իրականացվել, որոնցում ընդգրկվել են ժողովրդագիրներ:

«Ունենք այդ ծրագրի նախագիծը, որը կառավարությունը կքննարկի ու հաստատելու պարագայում կոնկրետ ներդրում կիրականացնի»,- հայտնեց նա:

2017 թվականին երեխա ունեցող` մինչև 24 տարեկան գործազուրկ կանանց աջակցության ծրագիր է լինելու, այդ կանանց տրվելու է մասնագիտացում ունենալու հնարավորություն: Բնակարանների կարիքներ ունեցող առանձին անձանց համար բնակարանի ապահովման աջակցման ծրագիր կգործի:

Նախարարը նշեց, որ, 2015-ի տվյալներով, 969 անձ ընդգրկվել է մասնագիտական ուսուցման ծրագրերում՝ կայուն զբաղվածություն ունենալու համար, և 870-ը աշխատանք է գտել: «2017 թվականին էլ հատկացված բյուջեի ներքո այս քաղաքականությունը շարունակվելու է: Այս ծրագրերում աշխատաշուկայում անմրցունակ անձինք են ընդգրկվում»,- շեշտեց նա:

Արտեմ Ասատրյանն անդրադարձավ նաև գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման ուղղությամբ տարվող աշխատանքներին ու ասաց, որ որոշակի վերլուծություններ են իրականացվում, և առաջիկայում կառավարությունն իր ամբողջական մոտեցումները կներկայացնի:

«Շեշտադրումը սոցիալապես անապահով ընտանիքների մասով է հիմնականում գնում, որ այդ ընտանիքները կարողանան այդ մասով ունենալ նվազեցում: Մենք քննարկում ենք նաև «սոցիալապես անապահով ընտանիքներ» եզրույթը ևս. հաշվառվում են այն ընտանիքները, որոնք գտնում են, որ իրենք անապահով են: Իհարկե, համակարգն ունի համապատասխան գործիքակազմ, միավորներ, սակայն նախատեսվում է այս մեթոդաբանության վերանայում՝ անապահովության արմատական վերանայում: Մենք կներկայացնենք առաջարկ այդ մեթոդաբանությունը վերանայելու համար: Կան համակարգի հետ կապված բազմաթիվ դժվարություններ ու խնդիրներ, որ ոչ սոցիալապես անապահով ընտանիքներ կան ներգրավված: Այս ուղղությամբ կառավարությունը կատարում է քայլեր»,- հայտնեց նախարարը:

Նա ընդգծեց, որ գործող համակարգն անուղղակի գնահատման մեթոդաբանությամբ է աշխատում, քանի որ ուղղակի չի կարող աշխատել, որովհետև չունեն բոլոր քաղաքացիների եկամուտները, իսկ ճիշտ մեթոդաբանությամբ պիտի գնահատվեն եկամուտներն ու սոցիալական աշխատողի եզրակացությունը, ով պիտի այցելի տուն, ընտանիք ու եզրակացությունը տա: Նախարարը նաև հորդորեց բոլոր այն գործընկերներին, լրագրողներին, ովքեր կարող են հստակ տեղեկատվությամբ տրամադրել, որ այսինչ անձը նպաստառու չէ, անապահով չէ, դիմել իրենց:

Նա նաև հայտնեց, որ ընտանեկան դրամագլխի համար փոխանցվել է մոտ 10 միլիարդ դրամ, 6560 ընտանիք այս տարի օգտվել է դրանից` մոտ 19318 անձ: Սահմանամերձ բնակավայրերում ընտանեկան դրամագլխի միջոցներով հնարավորություն է տրվել ձեռք բերելու անշարք գույք, որից օգտվել է մոտ 10 ընտանիք՝ ծախսելով մոտ 7 միլիոն դրամ: