կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-06 22:15
Քաղաքական

Իշխանության որոշելիքն է. Մարգարիտ Եսայան

Իշխանության որոշելիքն է. Մարգարիտ Եսայան

Այսօր, իր դիմումի համաձայն, Սուրիկ Խաչատրյանը ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից: Այս մասին yerkir.am-ը զրուցել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ:

Մեր հարցին, թե խոսակցություններ կան, որ Սուրիկ Խաչատրյանին Կարեն Կարապետյանը չի ցանկացել տեսնել մարզպետի պաշտոնում, նա պատասխանեց. «Այդ խոսակցությունները մեկնաբանելու ցանկություն չունեմ: Կարող եմ ասել` որևէ պաշտոնում, որևէ անձ մշտական չէ, ընդհակառակը` լավ չէ, որ մի մարդ երկար մնում է մի պաշտոնի, և լավ կլինի, որ պաշտոնները զբաղեցնող անձինք փոխվեն: Սա այդ դեպքերից է»:

Մեր ճշտող հարցին` պաշտոնավարման երկարատևության սահմանն ինչքա՞ն է, որից հետո պաշտոնյային փոխում են, պատգամավորն արձագանքեց. «Իշխող ուժն է որոշում, սովորաբար, թե պաշտոնավարման երկարությունն ինչքան կլինի: Իշխանությունը պետք է որոշի, թե այս կամ այն կադրը իր պաշտոնում ինչպես է աշխատել, ինչքան է արդարացրել սպասելիքները և որքան դեռ պիտի աշխատի, դա տվյալ օրվա իշխանության որոշելիքն է»:

Ըստ Եսայանի` չպետք է լուրեր որոնել ու գտնել, թե Սուրիկ Խաչատրյանը հիվանդ էր, այդ պատճառով հեռանալու դիմում գրեց: «Պարոն Խաչատրյանը մարզպետ էր, այսօր կառավարության նիստում նրա հրաժարականի դիմումը ընդունվեց, և նա այլևս մարզպետ չէ: Պետք չէ լուրեր որոնել ու գտնել, թե նա հիվանդ է»,- ասաց նա:

Եսայանի խոսքով`  կառավարության ամբողջ կազմը փոխվեց, և որևէ մեկի մասին չի ասվել, թե հիվանդ է, դրա համար է փոխվել: «Չեմ կարծում, որ պարոն Խաչատրյանը լրագրողների սիրած մարզպետներից էր, բայց հիմա այնպիսի սրտի ցավով են այդ հարցը տալիս, որ ես սկսում եմ կասկածել: Ամբողջ կառավարությունը գրեթե փոխվեց, և որևէ մեկի մասին չգրվեց, որ հիվանդության պատճառով է փոխվել»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ եկավ նոր վարչապետ, նոր կաբինետ հավաքեց և պահեց այն նախարարներին, որոնց ուզեց պահել:

Վերջում մեր զրուցակիցը ավելացրեց. «Սա քաղաքական որոշում է և տվյալ պահի` վարչապետի որոշումն է: Որ չանեինք փոփոխություններ, կասեիք` չենք անում, հիմա անում ենք, էլի բողոքում եք»: