Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչի՞ց է գալիս անվստահությունը իշխող համակարգի նկատմամբ: Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ:
- Տիկի'ն Եսայան, այսօր ում ձերբակալում են, հատկապես` այն մարդկանց, ովքեր գործում են ընդդիմադիր դաշտում, մարդիկ չեն հավատում, որ ձերբակալվածը կարող է, իրոք, մեղավոր լինել, միանգամից մտածում են՝ «գլխին սարքել են»: Ինչի՞ց է գալիս այս անվստահությունը:
- Այո', կա նման անվստահություն, որովհետև մեր հասարակությունը, ցավոք, շատ քաղաքականացված է, և յուրաքանչյուր անդամ համարում է իր հոգու պարտքը` զբաղվել քաղաքական գործընթացներով, հետաքրքրվել, ինֆորմացիա ունենալ: Սա մի կողմից լավ է` հասարակությունը հետաքրքված է, ակտիվ է և ձեռքը պահում է քաղաքական գործընթացների պուլսի վրա, փաստորեն, նաև` իրավական գործընթացների, որովհետև հասկանալի է, որ ձերբակալությունները տարբեր պատճառներով են լինում: Բարեբախտաբար, վերջին տարիներին մեզանում քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններ չեն լինում: Սա է պատճառը, որ միջազգային կառույցների զեկույցներում ակնհայտ երևում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ի տարբերություն մեր հարևան Ադրբեջանի, որտեղ մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ գոյություն ունեն:
-Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության հետ կապված` մի միտք է շրջանառվում սոցիալական ցանցերում եւ ոչ միայն` դեմ է 5 շրջանները/Արցախի/ հանձնելուն, այդ պատճառով են ձերբակալել: Բացառո՞ւմ եք այս տարբերակը:
- (Ծիծաղում է): Ոչ ոք 5 շրջան չի հանձնում, չի պատրաստվում հանձնել, նման բան գոյություն չունի, կա բանակցային գործընթաց, որը Ադրբեջանի մեղքով չի ավարտվում, տրամաբանական ավարտի չի հանգում, և որևէ մեկը չգիտի, թե այդ բանակցային գործընթացի արդյունքում ինչպիսի լուծումներ պետք է լինեն: Այնպես որ` ոչ մի կասկած, մտահոգություն տեղին չէ, թե ինչ-որ բաներ մենք պետք է հանձնենք Ադրբեջանին: Նման բան գոյություն չունի:
Ժիրայր Սեֆիլյանը չէ այն մարդը, որ պետք է խանգարի այս գործընթացին: Օգնել կարող է իր ճիշտ քաղաքական դիրքորոշմամբ, իր պետականամետ դիրքորոշմամբ, որն այսօր ես, դժբախտաբար, չեմ տեսնում պարոն Սեֆիլյանի մոտ: Ես շատ հարգում եմ նրա անցած ճանապարհը Արցախյան պատերազմի տարիներին, բայց կարծում եմ, որ վերջին տարիների նրա քաղաքական գործունեությունը եկավ սրբագրելու իր իսկ անցած ճանապարհը:
Ինձ համար ուղղակի ծիծաղելի են նման մեկնաբանությունները, որովհետև ակնհայտ է, որ որևէ մեկը, որևէ բան չի հանձնում, և բացարձակ կարիք չկա Ժիրայր Սեֆիլյանին դրա համար ձերբակալել: Որքան հետևում եմ լրահոսին, ոստիկանության, իրավապահ համակարգից եկած տեղեկատվությանը` տեղի է ունեցել ավտովթար, պարզվել է, որ ավտովթարի ենթարկված մեքենաներից մեկի թափքում հայտնաբերվել է զենք, հետո պարզվել է, որ այդ մեքենան Ժիրայր Սեֆիլյանինն է: Եթե ես ճիշտ գիտեմ` դա այդպես է: Սա իրավական ոլորտի հարց է, և ես պարտավոր չեմ ամեն ինչ ճշգրտորեն իմանալ: Այսպես է եղել գործընթացը, և կապ չունի այն բաների հետ ինչի մասին դուք հարցնում եք:
- Սեֆիլյանին այս էլ երկրորդ անգամ ձերբակալելով` չե՞ք կարծում, որ անուղղակի բարձրացվում է նրա հեղինակությունը, արդյո՞ք իշխանությունները վտանգ են տեսնում Ժիրայր Սեֆիլյանից, նրա գործունեությունից:
- Ինչքան եղել են ձերբակալության դեպքեր, եղել են իրավական հիմքով, եղել է կոնկրետ դեպքի հիման վրա, և եթե, մարդուն ձերբակալելով, պետք է նրա հեղինակությունը բարձրացվի, ես շատ կուզեմ` ինձ անընդհատ ձերբակալեն, որ իմ հեղինակությունն էլ բարձրանա:
- Նկատի ունեմ այն, որ հասարակությունն անմիջապես սկսում է մտածել, որ «սարքել են գլխին», և որ քաղբանտարկյալ է:
- Ես էլ եմ հասարկության մաս, և բազմաթիվ մարդիկ են հասարակության մաս: Եես այդպես չեմ մտածում, գուցե հասարակության որոշ հատված այդպես է մտածում, պարոն Սեֆիլյանի կողմնակիցները գուցե այդպես են մտածում, բայց կա իրականություն: Եթե ամեն մեկը մի բան մտածում է, դա չի նշանակում, որ այդ մտածածը վերին ատյանի ճշմարտություն է: Դա չի նշանակում` մենք ճիշտ ենք մտածում, մեր մտածածը ճիշտ է: Իսկ որ պարոն Սեֆիլյանն ակտիվ քաղաքական գործունեություն է իրականացնում, դա որևէ մեկի համար գաղտնիք չէ, և որևէ մեկը չի խանգարում նրան այդ գործունեությունն իրականացնել, մինչև այն պահը, քանի դեռ այդ ակտիվ քաղաքական գործունեությունը չի հակասում Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքներին, երկրի գլխավոր օրենքին`Սահմանադրությանը: Քանի դեռ մարդը գործում է օրենքների շրջանակում, նա ազատ է իր գործողություններում, բայց երբ խախտում է օրենքը, այստեղ արդեն համապատասխան մարմիններն իրենց խոսքը պետք է ասեն, ինչը և անում են:
Զրուցեց Ամալյա Առաքելյանը