կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-18 15:02
Քաղաքական

Աբիժնիկությունը լավ բան չէ. Մարգարիտ Եսայան

Աբիժնիկությունը լավ բան չէ. Մարգարիտ Եսայան

Այսօր ԱԺ նիստում` սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ քննարկումների ընթացքում, ելույթ ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը` փորձելով հակադարձել սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսներին: Նա նախ նշեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո նախագահը չի լինելու ինչպես անգլիական թագուհի, այլ հետևելու է Սահմանադրության պահպանմանը և ցանկացած իրավական հարցի, օրենքի կամ որոշման վրա ունենալու է վետոյի իրավունք։

«Շահարկվում է հարցը՝ Սերժ Սարգսյանը տեսականորեն չի՞ կարող մնալ իշխանություն։ Երեք օր առաջ իմ ելույթում ասել եմ՝ ինչ եմ մտածում այդ մասին, սա ևս շահարկվեց: Ոմանք փոթորկահույզ խառնաշփոթի մեջ հայտնվեցին: Հայտնի չէ՝ ինչու: Որոշ չակերտավոր փորձառուների էլ թվաց` պատգամավորի աթոռն իրենց հոր տնից են բերել: Բայց տեսել ենք, չէ՞, բոլորիդ պոպուլիզմը, ծիծաղելի և հիպերբոլիկ դիֆիրամբները ձեր կուսակցակապետերին: Հիմա ինչո՞ւ իրար անցաք, երբ գործող նախագահի հասցեին ճիշտ խոսքերը հնչեցին բարձրաձայն: Ոմանք էլ իրենցիններին տարել են իրենց տուն, դե սիրեք ու փայփայեք: Մերը երկիրինն է և մերը երկիրն է։ Անուններ որոշել էի չհնչեցնել, բայց Նիկոլ Փաշինյանին հարկադրված պիտի ասեմ՝ սիրո՞ւմ ես պոկեր, գնա, խաղա: Բայց քաղաքականություն մի խաղա: Չի ստացվում, բոլոր թելերը երևում են: Սիրո՞ւմ ես պատմություն, Նապոլեոնին ու Չերչիլին ե՞ս սիրում, սիրի: Բայց գոնե սիրածդ պատմությունները մինչև վերջ կարդա: Բորոդինոյի ճակատամարտը, որ պրոյեկտում ես հայոց քաղաքական դաշտ, մեկ օր է տևել ու ավարտվել է ո\'չ ռուսների, ո\'չ ֆրանսիացիների հաղթանակով: Իսկ Ուինսթոն Չերչիլը, ում այդքան սիրով մեջբերում ես, ծովային նախարարն էր ու հրաժարական տվեց, երբ Անգլիան տանուլ տվեց Դարդանելի նեղուցի ճակատամարտը: Եթե այդքան սիրում ես պատմական օրինակներով քո ճիշտ լինելը հիմնավորել, պարտված գործիչների մի\' ընտրիր: Կարող է վարակիչ լինել: Ու հիշիր՝ դավադրությունների մասնագետը Մարգարիտ Եսայանը չէ: Հհասկանում եմ պաթոսդ, ջահել ես, ուզում ես ճամփա անցնել, հավակնություններ ու հաշիվնես ունես, բայց չափիդ մեջ մնա ու քո արշինով ուրիշներին մի\' չափիր: Քաղաքականությունը անձնական հարցեր լուծելու տեղ չէ, իսկ եթե դառնում է, շատ կարճ ժամանակի մեջ ամեն մեկին վերադարձնում է իր իրական արժեքը, ոմանց՝ գինը:

Դառնամ մյուսներին: Ասում եք՝ վերարտադրվելու համար է իշխանությունը փոփոխություններ կատարում Սահմանադրության մեջ։ Փաստորեն, ոմանք դպրոցում կենսաբանություն և մարդու անատոմիա վատ են սերտել ու մոռացել են, թե մարդուն ինչ գործիքներ են պետք վերարտադրվելու համար: Երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի տոնով հարցնեմ՝ հիշեցի՞ք: Ինքը կավելացներ նաև՝ «ԱՊԵ»… Այստեղ, երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից անպատասխանատու հայտարարություններ անելը ոչ մեկիդ պատիվ չի բերում։ Ձեզ ու ձեզ ինչ-ինչ պաշտոններ էիք տալիս ու առնում երկրի նախագահին, դարակազմիկ քաղաքա-քրեական բացահայտումներ արածի պես հերոս-հերոս հեռանում էիք ամբիոնից: Նկարվում եք հատուկ Հ1-ի համար` իբր ցնցող ելույթ ունեցաք, իբր կրքերը թեժացնում եք: Չի ստացվում, սիրելինե\'ր, չի ստացվում, սա ո\'չ կինո է, ո\'չ թատրոն, սա կյանքն է՝ իրական ու միակ: Մի\' աղավաղեք ո\'չ ձեր, ո\'չ ուրիշների կյանքը: Աբիժնիկությունը լավ բան չի, վնաս է առողջության համար` ասում եմ բարեկամաբար: Առավել ևս, որ ձեր կանխատեսումներըն այսօր արվում են և այսօր վերջանում: Պատկերացնում եմ այստեղ նստած շատերիդ դեմքերը, երբ Սերժ Սարգսյանը հանրաքվեից հետո ԱԺ նախագահ չդառնա, ի՞նչ եք ասելու: Այբուբենում առաջին տառը՝ «այբ»-ն է, և «այո»-ն ավելի հզոր է լինելու, որովհետև սա Հայաստանն է, և վերջ»,- ասաց Մարգարիտ Եսայանը: