կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-01 16:10
Քաղաքական

Տեղի է ունեցել հերթական ″հարամելու″ փորձը. Մարգարիտ Եսայան

Տեղի է ունեցել հերթական ″հարամելու″ փորձը. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը նույնպես այցելել էր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` տեսակցելու ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին, ում դեմ երեկ գիշեր մահափորձ էր իրականացվել: Եսայանը այցելել էր Հայրիկյանին թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես ազգական:

 

Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ շատ ցավում է միջադեպի համար եւ շատ կուզենար, որ նման բան տեղի ունեցած չլիներ, քանի որ Հայրիկյանը, ըստ նրա, այն կերպարն էր մեր պատմության մեջ, որը միշտ պետք է օրինակ ծառայի բոլորի համար:

 

«Շատ ուրախ էի, որ Հայրիկյանն իր թեկնածությունն առաջադրեց նախագահական ընտրություններում: Թե ինչո՞ւ այս դեպքը տեղի ունեցավ, հարցը հուզում է բոլորին: Սա չէր կարող չդիտվել քաղաքական համատեքստից դուրս, եւ նախագահի թեկնածուներից ում հետ էլ, Աստված մի արասցե, նման դեպք տեղի ունենար, բնականաբար, պետք է քաղաքական հարթությունում դիտարկվեր»,- ասաց պատգամավորը եւ հավելեց, որ, իր կարծիքով, ընթանում էր շատ գրագետ, ժողովրդական չափանիշներին համահունչ նախագահական քարոզարշավ, եւ բոլոր թեկնածուները, անկախ իրենց կշռից, քաղաքական կենսագրությունից, մարդկային, մտավորական որակներից, տեղավորվում էին օրենքի շրջանակի մեջ:

 

«Դա մեզ տանելու էր ազատ ու արդար ընտրությունների հանգրվանին: Կարծում եմ` տեղի է ունեցել հերթական «հարամելու» փորձը»,- հայտարարեց Եսայանը:

 

Իսկ թե ովքե՞ր են «հարամողները», նա չի կարող ասել, բայց կարծում է, որ կան մարդիկ, քաղաքական գործիչներ, որոնց համար «հարամելը» բնավորության գիծ է դարձել: «Որոշ մարդկանց երեւի դուր չէր գալիս այն, որ նախագահի թեկնածուները գրագետ քարոզարշավ էին իրականացնում: Հույս ունեմ` սա չի խաթարի այն ընթացքը, որ ունեինք, եւ ամեն ինչ նորմալ կընթանա»,- ասաց Եսայանը: