Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթին:
Հիշեցնենք, որ երեկ նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանը քաղաքական վերնախավի ներկայությամբ հանդես եկավ ծրագրային ելույթով: Մասնավորապես` խոսեց հզոր հայրենիք ստեղծելու մասին, որի բնակիչներն իրենց երջանիկ պետք է զգան, չպետք է մտածեն երկիրը լքելու մասին, որտեղ պետք է լինի թափանցիկ իշխանություն, անկաշառ արդարադատական համակարգ:
Հարցին, թե հավատո՞ւմ է առաջիկայում հզոր հայրենիք ունենալու տեսլականին, Մարգարիտ Եսայանը պատասխանեց. «Իհարկե, հավատում եմ: Զարմանում եմ, որ ինչ-որ մեկը չի հավատում: Մեր երկիրն արդեն իսկ հզոր է, որովհետև Հայաստանը միայնակ իր հոյակապ բանակով դիմակայում է ադրբեջանական ագրեսիային, միայնակ դիմակայում է թուրք-ադրբեջանական տանդեմին, հզոր է, որ միայնակ կարողանում է դիմագրավել, այս լարված տարածաշրջանում պահպանել ինքնուրույն դիմագիծը, ճիշտ հարևանություն անել բոլոր այն պետությունների հետ, որոնց դիրքորոշումը Հայաստանի հանդեպ ադեկվատ է ու բարեկամական: Հայաստանն այսօր միայնակ կարողանում է տարածաշրջանում լինել լուրջ դերակատար: Դա միանշանակ այդպես է, և որևէ մեկը չի կարող դա հերքել»:
Պատգամավորը հավելեց, որ դրա ապացույցը միջազգային տարբեր կառույցների դիրքորոշումն է ՀՀ հանդեպ, դրա ապացույցն է նաև այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին աշխարհի գերհզոր տերությունների ներկայացուցիչները գտնվեցին այստեղ և հարգեցին մեր զոհերի հիշատակը:
Նա համաձայնեց, որ կան տնտեսական, սոցիալական խնդիրներ, կա արտագաղթ, բայց նախագահի ելույթում չեն էլ շրջանցվել այդ երևույթները, հակառակը` լուրջ անդրադարձ է եղել դրանց:
«Ելույթում տրվեցին ազդակներ այն մասին, որ բոլոր այն չինովնիկները, ովքեր իրենց աշխատանքի ընթացքում թերանում են կամ ուղղակի բավարարվում են «այնքանով, որքանով» սկզբունքով, պետք է այսուհետ անեն ավելին, աշխատեն բարեխիղճ: Դա լուրջ ուղղորդող ելույթ էր, որի յուրաքանչյուր պարբերության մեջ կային հստակ հրահանգներ»,- ասաց Մարգարիտ Եսայան:
Հարցին, թե ինչի՞ մասին է վկայում այն, որ Սերժ Սարգսյանի ելույթում խոսվում է անհավասարության, անարդարության, արտագաղթի, աղքատության, ժողովրդի հիասթափության մասին, պատգամավորը նշեց. «Ի պատիվ նախագահի, կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը չշրջանցեց բոլոր այդ մարտահրավերները, որ այսօր կան, և հստակ նշեց դրանց լուծման ուղիները, բայց ազնիվ չի լինի ասել, թե այս տարիների ընթացքում ոչինչ չի արվել»:
Ըստ նրա` պետք է ուրախանանք, որ նախագահը գիտի այդ խնդիրների մասին և չփորձեց ներկայացնել այնպիսի վիճակ, որը գոյություն չունի:
Հարցին, թե ո՞ւմ էր ուղղված նախագահի խոսքը, որ պետք է այնպես անել, որ հայերը չմտածեն Հայաստանը լքելու մասին, այն դեպքում, երբ արտագաղթը շարունակվում է, Մարգարիտ Եսայանը պատասխանեց. «Վստահաբար ձեզ ասում եմ, որ եթե արտագաղթած հայերը տեսնեն, որ Հայաստանում տեսանելի փոփոխություններ են իրականանում, հաստատ վերադառնալու են: Նախագահի այդ խոսքը ուղղված էր ոչ միայն Հայաստանում մնացած հայերին, այլ նաև այն մարդկանց, ովքեր հեռացել են Հայաստանից և հույսով սպասում են, որ տեսանելի փոփոխություններ կլինեն»:
Հարցին` արդյո՞ք ուշացած չէ անդրադարձը, Մարգարիտ Եսայանը պատասխանեց. «Այդպես որ մտածենք, ես ու դու էլ պետք է մեր քոչը կապենք ու գնանք: Այդպես մի\' մտածեք, երբեք ուշ չէ: Պատմության անիվը գնում է, այն պետք է պտտվի: Եվ, բարեբախտաբար, այսօր երկրի գլխին գտնվող մարդն ինքն է այդ մասին խոսում և ինքն է լուծման ուղիներ առաջարկում»:
Պատգամավորի խոսքով՝ ելույթում շեշտադրվում է սահմանադրական փոփոխությունների կյանքի կոչման հետագա ընթացքը:
Մեր հարցին, թե հավատո՞ւմ է, որ առաջիկայում կունենանք հզոր ու վերելք ապրող Հայաստան, որում ապրողներն իրենց երջանիկ կզգան, Մարգարիտ Եսայանը պատասխանեց. «Եթե չհավատայի, ես չէի թողնի իմ` լրագրողի անկախ մասնագիտությունը՝ դառնալով մաս քաղաքական իշխանությանը: Ինչքան էլ ուրիշները փորձեն քմծիծաղով վերաբերվել իմ այդ արտահայտած մտքին, բայց ես իսկապես հավատացել եմ դրան և հավատում եմ: Այդ հավատն է, որ Հայաստանը դարձնելու է ավելի ուժեղ»: