կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-23 17:20
Քաղաքական

Ընդդիմությունն անձերի խնդիր ունի, դրա համար էլ նեղսրտած են. Մարգարիտ Եսայան

 Ընդդիմությունն անձերի խնդիր ունի, դրա համար էլ նեղսրտած են. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի կարծիքով` ԸՕ նախագիծը դեռ փոփոխությունների է ենթարկվելու: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է խելք խելքի տան, միասին աշխատեն այդ նախագծի վրա, հանդես գան առաջարկություններով:

ՀՀԿ-ական պատգամավորը նույնպես ունի մտահոգություններ` ԸՕ նախագծի որոշ կետերի հետ կապված, օրինակ՝ ընտրատեղամասում դիտորդների և լրագրողների թվի սահմանափակման մասին դրույթի:

Դիտարկմանը, որ ընդդիմությունը դժգոհ է համամասնական ընտրակարգին` այն համարելով թաքնված մեծամասնական ընտրակարգ, Մարգարիտ Եսայանը պատասխանեց. «Սա համամասնական նախագիծ է, որովհետև ներկայացնելու են իրենց համամասնական ցուցակները, դրանցով գնալու են  ընտրության: Իսկ ընդդիմությանը դա դուր չի գալիս, որովհետև ունեն օբյեկտիվ պատճառ՝  իրենց թիմերում չեն կարողանալու գտնել գոնե հինգ մարդու, որոնց կվստահեն, կկարողանան ներկայացնել որպես ԱԺ պատգամավորի թեկնածու: Նրանք անձերի խնդիր ունեն, դրա համար էլ նեղսրտած են»:

Պատգամավորի կարծիքով` եթե քաղաքական ուժը հավակնում է լինել ՀՀ ԱԺ խմբակցություն, պետք է բավարար թվով անդամներ ունենա, որոնք արժանի են պատգամավոր դառնալ: «Եթե նրանց հետևում մարդիկ չկան, եթե հինգ-վեց հոգով պիտի գան, կոկորդ պատռեն, դա արդեն քաղաքական ուժ չէ: Լուրջ ուժը պետք է բավարար թվով անդամներ ունենա, որ կոնկրետ տոկոսներ ստանալու արդյունքում ներկայանա ԱԺ-ում»,- ասաց Մարգարիտ Եսայանը: