Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Ըստ նախագծի` յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ փոխանցի հիմնադրամին:
Ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Նա հայտարարեց, որ եկել է` բոլորին ասելու, որ Հայաստանը պատերազմի մեջ է: Նա ցանկացավ հիշեցնել, որ ՀՀ-ն պետություն ունի, բյուջե ունի, որի առյուծի բաժինը գնում է պաշտպանական ոլորտի ծախսերին: Ըստ պատգամավորի` առաջարկվող օրենքի նախագիծը քիչ աղերս ունի պետական բյուջեի հետ:
«Սա կլինի մեր համախմբվածության ապացույցը, մեր 1000 դրամները որ վճարելու ենք, վճարելու ենք ի խորոց սրտի: Դա մեզ ո'չ հարստացնելու է, ո'չ էլ` աղքատացնելու, անգամ` ամենացածր աշխատավարձ ստացողին: Բայց էդ վճարումը կատարելուց հետո մենք կհասկանանք, որ մի չնչին բան ենք արել բանակի համար: Վիգեն Սարգսյանը, ով պաշտպանական համակարգի ակունքներում է կանգնած, լավ գիտի` ինչ է անում: Պետությունն իր պարտքից չի հրաժարվում, բայց սա բյուջեի հետ կապ չունի»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով` սա կլինի համախմբվածության քայլ, սիրուն քայլ: «Եթե չգիտեք, եկել եմ` ասեմ, որ այդ իշխանությունն է, որ այսօր գնում է փոփոխությունների, այլ ոչ թե ոմանք, որ միայն խոսում են, դատարկ տեղը հոխորտում են»,- հայտարարեց Մարգարիտ Եսայանը:
Պատգամավորը ամոթանք տվեց նախագծի ընդդիմախոսներին, որովհետև «սա այն նախագիծն է, որի դեպքում ընդդիմախոս չպետք է լիներ, այլ միայն համերաշխություն ու միակարծություն»: Նա զայրացավ այն մարդկանց վրա, ովքեր չեն հասկանում Վիգեն Սարգսյանի հորդորը՝ դեմ չքվեարկել: «Ո՞նց անենք, որ դա հասկանաք` էդ անտեր «դեմ» կոճակը մի' սղմեք, էլի»,- ասաց նա:
Միաժամանակ, Եսայանը կարծիք հայտնեց, որ պարտադիր վճարի մեջ իրականում պարտադիրը չի տեսնում: «Պարտադիրի մեջ ես քնքշանք, ընկալում եմ տեսնում»,- ասաց նա:
Մարգարիտ Եսայանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքը, որ ԱԺ-ն պատգամավորի խրամատն է: Նա հայտարարեց, որ պետք լինի, զենք կվերցնի ու կգնա իսկական խրամատ` սահմանը պահելու, ուստի թող ամբիոնից հայրենասիրության դասեր չտան իր որոշ գործընկերներ: