կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-04 21:25
Քաղաքական

ԲՀԿ-ի խանդոտ վերաբերմունքը մարդկայնորեն հասկանում եմ. Մարգարիտ Եսայան

ԲՀԿ-ի խանդոտ վերաբերմունքը մարդկայնորեն հասկանում եմ. Մարգարիտ Եսայան

Ներքին ու արտաքին քաղաքական լարված իրավիճակում Հայաստանի երկու ազդեցիկ քաղաքական ուժերը շատ ծանր բեռի տակ են մտնում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը` խոսելով ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության մասին և հաջողություն մաղթելով նրանց: Եվ եթե այդ բեռը Հանրապետականը տանում էր իր հնարավորությունների չափով, ապա, ըստ պատգամավորի,  կարևոր էր, որ Դաշնակցությունը նույնպես հանձն առավ տանել այդ ծանրությունը:

Ինչ վերաբերում է քաղաքական համագործակցության արդյունքներին, քանի որ ԲՀԿ որոշ պատգամավորներ արդեն քննադատում են, որ դեռևս քայլ չեն տեսնում, Մարգարիտ Եսայանը նշեց, որ քաղաքական համաձայնագիրը 10 օր առաջ է կնքվել, և անհասկանալի է, որ որոշ քաղաքական ուժեր արդեն արդյունքներ են ակնկալում:

«Նույն այդ ԲՀԿ-ն եղել է կոալիցիայի կազմում, և նույնիսկ ես այսօր կդժվարանամ ասել, թե 2-3 տարի աշխատելուց հետո նրանք ինչ արդյունքների են հասել, որ այսօր այս քաղաքական համագործակցությունից հանկարծ որոշել են արդյունք տեսնել ու չեն տեսնում: Ցանկացած աշխատանքի մեջ ով ուզում է տեսնել, կտեսնի, ով ուզում է հավատալ, որ այդ արդյունքը լինելու է, կտեսնի այդ արդյունքը»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ ինքն անձամբ կասկած չունի, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը դրական է լինելու, որովհետև անցյալ բոլոր կոալիցիաներում դաշնակցական գործիչները, որոնք եղել են գործադիր մարմնում, իրենցից  հետո հետք են թողել, որովհետև տիրապետել են դաշտի խնդիրներին և լուծումներ են տվել դրանց:

Դիտարկմանը, որ նախկին կոալիցիոն գործընկերները՝ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը, միշտ բարձրաձայնում են, որ դուրս են եկել կոալիցիայից, որովհետև ՀՀԿ-ն չէր թողնում, որ աշխատեն և որոշումներ կայացնեն, ուստի չեն կարող հավատալ և այս քաղաքական համագործակցությանը, Մարգարիտ Եսայանն արձագանքեց. «Հանրապետականի մեղքն ընդհանրապես շատ է, բայց այնքան շատ չէ, ինչքան նրան վերագրում են, որովհետև գործ չանողը կամ վատ աշխատողը, գլուխ պահողը միշտ էլ կարող է գտնել արդարացումներ, պատճառներ, թե ինչու ինքը չի աշխատել: Բայց դա անընդունելի է, որովհետև երբ տրվում է պորտֆելը, դրա հետ միասին տրվում են իրավունքներ ու պարտականություններ: Թող բարի լինեին, ժամանակին աշխատեին: Հանրապետականը ոչ մեկի ձեռքից չէր բռնել, հակառակը` միշտ էլ կողմ է եղել միասին աշխատելուն»:

Հարցին, թե արդյո՞ք Հանրապետականը հավասարը հավասարի պես կկիսի թե\' պարտականությունները, թ\'ե որոշումներ ընդունելու իրավունքը, Մարգարիտ Եսայանը կարծիք հայտնեց, որ եթե երկու ուժեր քաղաքական համագործակցություն են կնքել, ուրեմն փոխադարձ հարգանքի հիման վրա են դա արել:

«Դաշնակցությունը պատասխանատվությունից չի խուսափելու, այդ տեսակը չէ, և երբ 2009-ին Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից, ինձ համար դա հարգանքի արժանի որոշում էր, ինձ համար դա հասկանալի էր, որովհետև դա սկզբունքային որոշում էր: «Հավասարը հավասարի պես» հարաբերական հասկացություն է, իհարկե, բայց այն, որ եթե  խնդիր առաջանա, Դաշնակցությունն այդ խնդիրը չի գցի միայն Հանրապետականի վրա, իսկ Հանրապետականը խնդիրը չի բարդի Դաշնակցության վրա, դա հաստատ»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե ինչո՞ւ այլ քաղաքական ուժերի չառաջարկվեց համագործակցություն, մանավանդ, որ մեծությամբ երկրորդ խորհրդարանական ուժը՝ ԲՀԿ-ն, բաց  տեքստով ասում է այդ մասին, նա նշեց. «Ես նրանց խանդոտ վերաբերմունքը մարդկայնորեն հասկանում եմ, որովհետև նրանք նաև մասնակցեցին սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին` հանդես գալով որպես «այո»-ի կողմնակից: Բայց ԲՀԿ-ի մասին մենք այսօր միանշանակ չենք կարող կարծիք ունենալ, որովհետև այսօրվա ԲՀԿ-ն այն ԲՀԿ-ն չէր, որը կար մինչև 2015թ. փետրվարը: Ի՞նչ  ուժ է իրենից ներկայացնում այսօրվա ԲՀԿ-ն, ովքե՞ր են այդ ուժի ներկայացուցիչները, իրենց ուզածը ի՞նչ է, դա հասկանալի չէ:Ես կարծում եմ որ այսօր ամենահեղհեղուկ քաղաքական ուժը հենց ԲՀԿ-ն է»:

Խոսելով քաղաքական համագործակցության վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումների մասին, ընդ որում` ուժը, ըստ էության, բաժանվել է երկու մասի, մի մասը ցանկանում է համագործակցել ՀՀԿ-ի հետ, մյուս մասը՝ ոչ, Մարգարիտ Եսայանը նշեց. «Ասացվածք կա, որ աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց` խակ է: Եթե համագործակցության հրավեր ու առաջարկ չի արվում, ի՞նչ պետք է անեին. մի խումբ ավելի ազնիվ է գտնվել ու չի թաքցնում իր ցանկությունները, մյուս խումբն առաջնորդվում է իմ ասած ժողովրդական ասացվածքի ձևով»:

ՀՀԿ-ական պատգամավորը վստահ է՝ հաջորդ խորհրդարանին պետք են նոր, թարմ քաղաքական ուժեր, նոր դեմքեր, ուժեղ ընդդիմություն: