կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-15 12:06
Քաղաքական

Կուսակցության ղեկավարի որոշումները չենք քննարկում. Մարգարիտ Եսայան

Կուսակցության ղեկավարի որոշումները չենք քննարկում. Մարգարիտ Եսայան

Երեկ կայացած` ՀՀԿ ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, երկրորդ տեղում Տարոն Մարգարյանն է, երրորդը՝ Արփինե Հովհաննիսյանը: Այնուհետև՝ Արա Բաբլոյանը, Արմեն Ամիրյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը և Կարեն Ավագյանը: Ուշագրավ է, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցուցակի 11-րդ հորիզոնականում է, իսկ Հերմինե Նաղդալյանը՝ 12-րդը:

ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը ցուցակի այսպիսի դասավորությունն անակնկալ չի համարում: Նա Yerkir.am-ի հետ զրույցում  ասաց, որ նորմալ է՝ կուսակցություններն իրենց ցուցակների դասավորությունը ներսում որոշում են, վերջնական  տեսքի բերում ու հրապարակում:

«Որևէ  անակնկալ, որևէ արտառոց բան դրանում չկա, բոլորը կուսակցության անդամներ են, բոլորին ճանաչում եք, բոլորն աշխատել են, տեսել եք նրանց աշխատանքը: Որևէ արտառոց, անակնկալ բան չկա»,- ասաց Եսայանը:

Մեր հարցին, թե ՀՀԿ ԳՄ նիստից հետո զրուցե՞լ է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ, նրա համա՞ր էլ անակնկալ չէր ցուցակի այդ հորիզոնականում գտնվելը, նա պատասխանեց. «Տրամադրությունը նորմալ է, բնական: Մենք մեր կուսակցության ղեկավարի որոշումները չենք քննարկում, ընդունում ենք ի գիտություն: Սա կուսակցության ղեկավարի որոշումն է, և  յուրաքանչրյուր կուսակցական այս որոշումն ընդունում է որպես արդեն կատարված փաստ, և մենք չենք քննարկում: Կուսակցական լինելը  կարգապահություն է ենթադրում, իսկ մենք կարգապահ  կուսակցականներ ենք: Կուսակցության ղեկավարության որոշումներն էլ եղած փաստեր են, և դրա հետ պետք է հաշվի նստել»: