կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-23 16:58
Մշակույթ

«Նոյան տապան» գրախանութը հեռացրին հրապարակի տարածքից

 «Նոյան տապան» գրախանութը հեռացրին հրապարակի տարածքից

2012-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը, կառավարության որոշման համաձայն, 51 270 840 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով վաճառվել էր արգենտինահայ բիզնեսմեն Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին։ Էռնեկյանը պարտավորվում է տեղում անհրաժեշտ ծավալով ներդրումներ կատարել և ԱԳՆ շենքը վերածել հնգաստղանի հյուրանոցի՝ պահպանելով շենքի պատմամշակութային տեսքը:

Հյուրանոցի կառուցման սկիզբը, կարծես, դեռ չի էլ երևում, սակայն տեղում վաղուց է, ինչ սկսել են «ապամոնտաժման» ծրագիրը. «Նոյան տապան» գրատունը հեռացվում է տարածքից: Ուշագրավ է այն հանգամանքը, որ տարիներ առաջ` 2011-ին, երբ «Նոյան տապան» գրախանութի հարևանությամբ գործող «Անի» գրախանութը փակվեց, պատճառաբանում էին, թե տեղում ուղղակի շինարարական աշխատանքներ են անում և չխաբեցին` շինարարություն արեցին ու գրախանութի տեղում կոնյակի խանութ բացեցին:

Թե «Նոյան տապան» գրախանութի տեղում ինչ են սարքելու` պարզ չէ, խանութի աշխատակիցները չգիտեն, միայն ասել են` մինչև ամսվա վերջ ազատել տարածքը: Այն, որ «Նոյան տապանը» չի արժանանա «Անիի» ճակատագրին /այն ուղղակի փակվեց/` հավաստիացնում են գրախանութի տնօրինությունից` ասելով, որ առաջիկայում պարզ կլինի` որ հասցեում կգործի գրախանութը:

Հիմա, երբ տարածքը վաճառվել է Էռնեկյանին, ո՞ւմ  բացատրենք, թե որքան կարևոր էր մեզ համար հենց հրապարակի սրտում, որտեղ գնալով ավելանում են սրճարաններն ու սննդի կետերը, գրախանութ ունենալը, Էռնեկյանին ինչպե՞ս ասենք` «Նոյան տապանը» պատմություն էր դարձել մեզ համար, ինչպես «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը, որը նույնպես հիմա սկսել են քանդել  /«Զվարթնոց»-ը Էռենեկյանի ղեկավարմանն են հանձնել/:  Այն, որ օդանավակայանի նոր շենքը լավն է, փաստ է, բայց ստացվում է այնպես, որ հոնքը սարքելու փոխարեն` աչքն էլ են հանում ու հիմա չգիտես` ուրախանա՞ս, որ օդանավակայանի նոր, միջազգային չափանիշներին համապատասխան շենք ունես, թե՞` պատմամշակութային արժեք դարձած հին շենքի քանդման դեմ պայքարես: Նույնը և գրախանութի դեպքում. այո, մեզ պետք են բարձրակարգ հյուրանոցներ, բայց մեզ պետք չէ հյուրանոց, որը Երևանի պատմության վրա է կառուցվելու` տրորելով անցյալը:

Վաղուց արդեն պարզ է` Հայաստանում գրախանութ ունենալը շահավետ բիզնես չէ` գրախանութ բացելը դարձել է ուղղակի հոբբի, սակայն պատկերացնո՞ւմ եք Հայաստանն առանց գրախանութների… Հրատարակիչները, գրողները տարիներ շարունակ պայքարեցին, կոտրեցին սովետից մնացած կարծրատիպերը, թե հիմա ո՛չ գրականություն ստեղծող կա, ո՛չ էլ կարդացող, հիմա, երբ փորձում են ամեն կերպ ցույց տալ, թե ընթերցանությունն ինչ կարևոր դեր ունի մեր` կայացման հարցում և քաղաքը պատում գիրք կարդացող զինծառայողների պաստառներով, ընթերցողները հանկարծ նկատում են` կենտրոնում գտնվող «Նոյան տապանը» փակվեց ու դրա փոխարեն ինչ-որ խանութ կբացվի. սրանով ակնարկվում է` գրախանութն այնքան էլ կարևոր բան չէ, կարևորը` բիզնեսն է, իսկ գործարար դառնալու ճանապարհին, հավանաբար, գիրք կարդալ էլ պետք չէ…