Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում կմեկնարկի «Գրական տապան 2014» միջազգային փառատոնը: Բացման արարողության ընթացքում տեղի կունենա նաև «Գրական տապան 2013» փառատոնից հետո գրված ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսը:
Այս տարի «Գրական տապանը» հյուրընկալել է գրողների և բանաստեղծների՝ աշխարհի 11 երկրներից: Փառատոնի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից և այլ երկրներից:
Հայ գրչակիցների ընկերակցությամբ՝ փառատոնի արտասահմանցի մասնակիցները կշրջեն Հայաստանի տեսարժան վայրերում, մասնագիտական քննարկումներ կունենան և վարպետաց դասընթացներ կանցկացնեն երևանյան բուհերում: Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 28-ը: Այդ ընթացքում նախատեսված են նաև մարզային այցելություններ Օշական, Զվարթնոց, Էջմիածին, Տաթև:
Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 26-ին` ժամը 15:00-ին, Երևանի Կամերային թատրոնում իր ընթերցողների հետ կհանդիպի լեհ հանրաճանաչ գրող Յանուշ Վիշնևսկին, ով այս տարի Հայաստան է եկել հատուկ ծրագրով. սեպտեմբերի 27-ին Երևանի «Ռոյալ Թուլիփ Գրանդ» հյուրանոցում (նախկին` «Գոլդեն Թուլիփ») Վիշնևսկին կմասնակցի իր նոր՝ «Գրանդ» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսին:
Կոմիտաս Վարդապետի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ծննդյան օրվա կապակցությամբ սեպտեմբերի 27-ին աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող գրողները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ կմիանան «100 հազար պոետ՝ հանուն փոփոխության» նախաձեռնությանը՝ արվեստի միջոցով աշխարհը փոխելու վճռականությամբ:
Նախագծի արդյունքում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կհրատարակվի բազմալեզու գրական ժողովածու (բնագրով և հայերեն թարգմանությամբ), որում ծրագրի մասնակիցներն իրենց նախընտրած ժանրով կներկայացնեն հայաստանյան հանդիպումներից ու շրջագայություններից ստացած տպավորությունները: Փառատոնի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ litark.am,facebook.com/litarkfanpage: