կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-16 12:53
Իրավական

Լարված իրավիճակ` դատարանում. Շամիրամում սպանդի մեջ մեղադրվողին արագ հեռացրին

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ, շարունակվում է Շամիրամ գյուղում 4 անձի սպանության գործով դատաքննությունը:

Դատարանից Yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ նիստի մեկնարկից առաջ դատարանում լարված իրավիճակ ստեղծվեց: Դահլիճում ներկա եզդիները հայհոյանքներ ու անեծքներ ուղղեցին գործով ամբաստանյալ Թելման Քալաշյանի հասցեին: Նա էլ իր հերթին բղավեց և եզդիերեն արտահայտություններ արեց: Ներկաները նրան «տեռորիստ» անվանեցին:

Իրավիճակն այնքան լարված էր, որ դատական կարգադրիչները պատ կազմեցին, որպեսզի պաշտպանեն ամբաստանյալներին: Ոստիկանները ստիպված եղան դահլիճից հեռացնել մեղադրյալներին:

Ընդմիջումից հետո նախագահող դատավորը ներկաներին զգուշացրեց, որ կարգուկանոն չպահպանելու դեպքում կհեռացնի նրանց նիստերի դահլիճից: Դատավորը միաժամանակ հորդորեց նրանց խոսել հայերեն:

Դատարանում ուժեղացված հսկողությունը շարունակվում է:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Թելման Քալաշյանը 2017-ի օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կատարել է չորս անձանց սպանություն: Բացի այդ՝ նա 1999թ. ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն և ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչև 2014թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն, որի հետևանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 2017թ. օգոստոսի 17-ին էլ կատարել է սուտ մատնություն:

Այսպիսով`Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի` միաժամանակ 4 հոդվածների հատկանիշներով: Շուրջ 24 օր հետախուզման մեջ գտնվող Քալաշյանը հայտնաբերվել էր 2 017 թ. օգոստոսի 25-ին և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է նաև Թելման Քալաշյանի հորեղբայրը` Քյարամ Քալաշյանը: Նա մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար: Համաձայն գործի նյութերի՝ սգո դուրս գալուց հետո Քալաշյանի հորեղբայրը մեկ այլ ավտոմեքենայով գնացել է Քալաշյանի մոտ, և միասին դիմել են փախուստի: