կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-10 17:59
Քաղաքական

«Ճարպիկները» ԱԺ կայքից հեռացրին նախարարի տիկնոջ պաշտոնի մասին տեղեկատվությունը․ Մալյան

«Ճարպիկները» ԱԺ կայքից հեռացրին նախարարի տիկնոջ պաշտոնի մասին տեղեկատվությունը․ Մալյան

«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում նշում է, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը փորձում է կոռուպցիոն դրսևորում կոծկել: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կինը միևնույն ժամանակ ԱԺ փոխնախագահի գրասենյակում պաշտոն է զբաղեցնում, պետական բյուջեից գումարներ է ստանում և մասնավոր ընկերություն է հիմնադրել, որը ի դեպ ուղիղ առնչվում է ամուսնու զբաղեցրած պաշտոնի հետ:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը փորձում է կոծկել այս կոռուպցիոն դրսևորումը և գրառում է անում, որ իբր Բադասյանի կինը ամառվանից չի աշխատում, սակայն ԱԺ պաշտոնական կայքում առ այսօր նախարարի տիկինը գրանցված է որպես ԱԺ աշխատող:

Հատուկ տիկին Նազարյանի համար.

1) Կոռուպցիայի, մասնավորապես շահերի բախման դրսևորում է, երբ նախարարի ընտանիքի անդամը բիզնեսով է զբաղվում տվյալ նախարարի համակարգման ոլորտում։ Առավել ևս, երբ այդ բիզնեսը հիմնադրվում է նախարար դառնալուց ՀԵՏՈ և ոչ թե առաջ։

2) «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը տարածվում է նաև Աժ փոխխոսնակի խորհրդականի նկատմամբ, իսկ այդ օրենքը հանրային ծառայողներին ուղիղ արգելում է կատարել այլ վճարովի աշխատանք։ Նշված բիզնեսն այլ վճարովի աշխատանք է։

3) Երբ առանց մրցույթային պետական աշխատանք են տալիս ընկերոջ կամ մտերիմի տիկնոջը, դա նույնպես կոռուպցիայի դրսևորում է։ Կոչվում է «քրոնիզմ» (cronyism)։»:

Նարեկ Մալյանը խնդրել է նաև իր ծանոթ իրավապաշտպաններին՝ օգնել ստանալ այս հարցի իրավական պատասխանները և պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, իսկ դրանից հետո իրավապահ մարմիններին և դատարան»:

Ավելի ուժ Մալյանը նշել է. ««Ճարպիկները» ԱԺ կայքից այսօր շուտափույթ հեռացրեցին Արդարադատության նախարարի տիկնոջ պաշտոնի մասին տեղեկատվությունը: Բայց դե իմ ճանկից ու՞ր պիտի պրծնեին: Ներկայացնում եմ տեսանյութ, որը հանդիսանում է ապացույց այն մասին, որ 2020 թվականի հունվարի 9-ի դրությամբ Արդրադատության նախարարի կինը պաշտոնավարում էր ԱԺ փոխնախագահի գրասենյակում` վճարվելով պետական բյուջեից և միաժամանակ ամուսնու պաշտոնի հետ անհամատեղելի մասնավոր գործունեությամբ էր զբաղվում:

Պարկեշտ և անաչառ իրավապաշտպաններին խնդրում եմ կցել այս տեսանյութը իրավապահ մարմիններին կամ դատարան դիմումին»:

Նշենք, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Facebook-ի իր էջում գրել էր. « ՀՀ արդարադատության նախարարի կինը իր մասնագիտական գործունեությամբ զբաղվելու նպատակով անցած տարվա ամռանից այլևս չի աշխատում իմ գրասենյակում։ Բայց եթե աշխատեր էլ, դրա մեջ ոչ մի կոռուպցիա չկա:

Ինչպես նաև ես պատասխանատվություն չեմ կրում մի քանի տարի առաջ տարբեր մարզերում բնապահպանական թեմաներով բոլորի համար բաց իմ միջոցառումներին մասնակացող անձանց, առավել ևս նրանց ապագա արարքների համար»: