կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-25 15:05
Տարածաշրջան

Թուրք գիտնականը կոչ է անում քար անգամ չտեղաշարժել այն տարածքից, որում ըստ ենթադրությունների գտնվում է Նոյան տապանը

Թուրք գիտնականը կոչ է անում քար անգամ չտեղաշարժել այն տարածքից, որում ըստ ենթադրությունների գտնվում է Նոյան տապանը

Թուրքիայում գործող Աղրը Իբրահիմ Չեչեն համալսարանի պրոռեկտոր, դոկտոր, պրոֆ Ֆարուք Քայան շեշտել է Արարատ լեռան փեշերին գտնված Նոյան տապանի մնացորդների պահպանման անհրաժեշտության մասին։ Պրոֆեսորը նշել է «Եթե այս վայրում են գտնվում Նոյան տապանի մնացորդները, ապա այստեղ չի կարելի մի քար իսկ տեղաշարժել, քանզի ապագա ուսումնասիրությունների արդյունքում ճիշտ եզրահանգման հանգելու համար ամենափոքր մանրամասնությունն անգամ կարող է շատ կարևոր լինել»։

Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ հիմնվելով թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալության հրապարակման վրա։

Աղբյուրի համաձայն՝ մինչ օրս հիշյալ համալսարանը բազմաթիվ գիտաժողովներ է կազմակերպել՝ Նոյան տապանի գտնվելու վայրի թեմայով, որոնց մասնակցել են նաև տեղացի և օտարերկրացի գիտնականներ։

Աղրը Իբրահիմ Չեչեն համալսարանի պրոռեկտորը գործակալության թղթակցի հետ զրույցում նաև հիշեցրել է, որ ըստ Աստվածաշնչի՝ Նոյան տապանը գտնվել է Արարատ լեռան վրա, և որ մինչ օրս որոշ ուսումնասիրություններ են կատարվել այդ թեմայի շուրջ։

Թուրք պրոֆեսորը նաև նշել է, որ 1945 թ․ նավի զանգված հիշեցնող մի առարկա էր գտնվել , և որ 1989 թ․ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն այդ տարածքը բնական արգելոց էր հայտարարել։

Քայան նաև հայտնել է, որ այդ տարածքը հարկ եղածի չափ չի պահպանվում, և հատկապես «արտասահմանից ժամանող այցելուներն ու գիտնականները երբեմն առանց թույլտվության մուտք են գործում այնտեղ և լուսանկարներ անում»։ Թուրք պրոֆեսորը կարծում է, որ նախ պետք է նման մարդկանց արգելել այդ տարածք մտնել։

Համալսարանի պրոռեկտորը նաև իր մտահոգությունն է արտահայտել այն փաստի վերաբերյալ, որ այդ հատվածը փլուզման վտանգի տակ է գտնվում և նշել, թե հարկ է միջոցներ ձեռնարկել այդ վտանգը չեզոքացնելու ուղղությամբ։

Ֆարուք Քայան զրույցի վերջում նաև ընդգծել է, որ Նոյան տապանի շնորհիվ այդ վայրերում կարելի է զբոսաշրջությունը զարգացնել և հայտնել, որ դեռևս 2010 թ․ Հոնկոնգից չինացիների մի խումբ էր ժամանել, ովքեր Արարատ բարձրանալուց հետո փայտի մի քանի կտոր վերցնելով՝ վերադարձել էին և Հոնկոնգում Նոյան տապանի թանգարան բացել։

Թուրք պրոֆեսորը շեշտելով, որ Արարատ լեռը և Նոյան տապանի մնացորդները կարող են զբոսաշրջային վայր դառնալ Թուրքիայում, նշել է․ «Ներկայում միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում Հոնկոնգի Նոյան տապանի թանգարան։ Քանի որ Արարատը հատկապես քրիստոնյաների էական մասի համար սուրբ վայր է համարվում, և նրանք հավատում են, թե Նոյան տապանն այստեղ է գտնվում, ապա այս կողմերում ներդրումներ անելու դեպքում կարելի է զարկ տալ զբոսաշրջության զարգացմանը»։

https://www.aa.com.tr/tr/kultur-sanat/nuhun-gemisine-ait-olduguna-inanilan-alanda-tek-tas-bile-yerinden-oynatilmasin-cagrisi/1948759

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net