կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-17 15:39
Քաղաքական

Նախորդ գումարման ԱԺ-ի Էդմոն Մարուքյանը տարբերվում է այս գումարման ԱԺ-ի Էդմոն Մարուքյանից. Ալեն Սիմոնյանը հակադարձում է Մարուքյանին

Նախորդ գումարման ԱԺ-ի Էդմոն Մարուքյանը տարբերվում է այս գումարման ԱԺ-ի Էդմոն Մարուքյանից. Ալեն Սիմոնյանը հակադարձում է Մարուքյանին

ԱԺ նիստում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը արտահերթ ելույթ ունեցավ և անդրադարձավ Էդմոն Մարուքյանի ելույթին, որում նա կոշտ քննադատել էր իշխանությանը:

Սիմոնյանը նշեց, որ խնդիրն այն է, որ նախորդ գումարման ԱԺ-ի Էդմոն Մարուքյանը տարբերվում է  այս գումարման ԱԺ-ի Էդմոն Մարուքյանից: «Պարո'ն Մարուքյան, ի՞նչ է կատարվում, այսինքն` ինչ-որ խնդիր կա՞, որով իշխանությունը չի զբաղվում: Մարդու իրավունքներից եք խոսում, բայց հլը մի հատ նայեք` ում եք «մեղադրում» մարդու իրավունքների հետ կապված: Նարինե Թուխիկյա՞նն է, որ մարդու իրավունքների հետ կապ չունի, Հակոբ Սիմիդյա՞նն է, որ դրա պատճառով չի տուժել, մյուսնե՞րը: Կամ` խոսքի ազատությունից եք խոսում. Սիսակ Գաբրիելյան ունենք, Թագուհի Թովմասյան ունենք, կարելի է  ասել` մեր իշխանությունը մեծ մասամբ լրագրողներից է կազմված: Այսինքն` ում եկել և ինչ եք ասում: Մի հատ բացատրեք, էլի: Գիտե՞ք ինչ, Դուք խոսում էիք, ես ուզում էի հասկանալ` կոնկրետ ի՞նչ եք ասում: Այ, լսում էի Ձեր ելույթն ու ուզում էի հասկանալ` ինչ էիք ուզում ասել»,- ասաց նա:

Ըստ Սիմոնյանի` Մարուքյանը մի քանի բանից խոսեց, որոնց ինքն ուզում է անդրադառնալ: «Ասում եք` ֆեյսբուքյան վիրավորանքներ… Ինչ-որ շատ ընդհանրական եք ասում, է, ո՞ւմ չեն վիրավորում, էստեղ նստածներից կա՞ մեկը, որի մասին և' լավը չեն ասում, և' վատը: Ասում եք`  ապշած եք: Է, ես ապշած եմ, որ Դուք, ազատական ուժ լինելով հանդերձ, հող եք նախապատրաստում, բաներ եք ասում, որոնք ենթադրության տեղիք է տալիս: Այսինքն` մենք պետք է գրաքննությո՞ւն սահմանե՞նք:  Հայաստանում չի կարող գրաքննություն լինել: Թքելուց ու ցցին հանելուց եք խոսում, բայց դրա հետ կապված ամենաբարձր մակարդակով` վարչապետի, արձագանք է եղել: Այդ մասը չե՞ք նկատել, թե՞ նկատել եք, ուղղակի հարմար չէր դրա մասին խոսելը, որպեսզի ելույթն ավելի ազդեցիկ լիներ:  Միշտ էլ խոսել ենք, ասել ենք, հիմա էլ ենք ասում. դիմում եմ բոլորին` վերջ տվեք մարդկանց վիրավորելուն, վերջ տվեք, ով ուզում է լինի` էն ամենաչսիրված քաղաքական գործչից սկսած»,- շեշտեց ԱԺ փոխխոսնակը և հավելեց. «Չգիտե՞նք` ով է միլիոնավոր դոլաեներ ծախսում այն երկրում, որտեղ մարդու իրավունքների հետ կապված խնդիր կա, կայքեր գնում, հազարավոր ֆեյքեր բացում, որ տպավորություն ստեղծի այսօրվա իշխանության հետ կապված: Փառք Աստծո, ՀՀ քաղաքացիների գիտակցությունն այնքան բարձր է, որ չի լինում նրանց այլևս խաբել: Այդ է խնդիրը որոշ մարդկանց, որ ներվայնանում են` այդքան փող են ծախսում ու չեն կարողանում խաբել մարդկանց»:

Անդրադառնալով գաղտնալսման հետ կապված` Մարուքյանի դիտողություններին, Սիմոնյանն ասաց. «Պարո'ն Մարուքյան, մենք միասին` ես և Դուք, երբ Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերը հանձնաժողով էին ստեղծում, մենք էինք նրանց դեմ պայքարում` ես և Դուք, ճի՞շտ է: Ի՞նչ փաստարկներ էինք մենք բերում այդ հանձնաժողովը չստեղծելու հետ կապված. առաջին փաստարկն այն էր, որ դրա վերաբերյալ քննություն է գնում, երկրորդ փաստարկն այն էր, որ ԱԺ-ն պետք է ցրվի, երրորդ փաստարկն այն էր, որ, այնուամենայնիվ, հիմա դրա ժամանակը չէ և չի ստացվելու: Դուք էիք դա պաշտպանում, ի՞նչ փոխվեց նախորդ գումարման ԱԺ-ից մինչև հիմա: Ոչ մի բան էլ չի փոխվել»,- շեշտեց նա:

Սիմոնյանը կոչ արեց, որ Մարուքյանը չմտնի այդ դաշտը: Նա նշեց, որ իրենք ընտրությունների ժամանակ շատ լավ հարաբերություններ են ունեցել: «Միգուցե խնդիր կա հիմա ինչ-որ բաներ ի ցույց դնելու, բայց դրա կարիքը չկա, համենայն դեպս, այս փուլում դրա կարիքը չկա»,- եզրափակեց ԱԺ փոխխոսնակը: