կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-08 12:36
Իրավական

Հրապարակվեց Արթուր Վարդանյանի խմբին զենք վաճառելու գործով դատավճիռը

Հրապարակվեց Արթուր Վարդանյանի խմբին զենք վաճառելու գործով դատավճիռը

Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հրապարակեց նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործից անջատված մասով հարուցված քրեական գործով դատավճիռը: Դատարանը մեղավոր ճանաչեց գործով 4 ամբաստանյալներին և նրանց համար, որպես պատիժ, սահմանեց ազատազրկումը` համապատասխանաբար` Հակոբ Հակոբյանին` 3 տարի 6 ամիս, Անուշավան Ավետիսյանին` 3 տարի, Ստեփան Չիլինգարյանին` 1 տարի 6 ամիս, Հարություն Հովհաննիսյանին 1 տարի 6 ամիս ժամկետով:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Հակոբ Հակոբյանը 2015թ. հուլիսին, Արթուր Վարդանյանից առաջարկություն ստանալով` համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր հայթայթել և իրեն իրացնել, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, նույն հարցով դիմել է ծանոթին` Գյումրի քաղաքի բնակիչ Անուշավան Ավետիսյանին, որից հետո երկուսով, նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին:

Հարություն Հովհաննիսյանն էլ, նույն առաջարկությունը ստանալով Անուշավան Ավետիսյանից, 2015թ. հուլիսին Գյումրիում նրան 900 ԱՄՆ դոլարով զենք-զինամթերք է իրացրել:

Ըստ մեղադրանքի՝ Ստեփան Չիլինգարյանն էլ, իր հերթին, Անուշավան Ավետիսյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով` համապատասխան վարձատրության դիմաց զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր հայթհայթել և իրացրել, չիմանալով, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, Գյումրիում նրան 4700 ԱՄՆ դոլարով իր կողմից զենք-զինամթերք է իրացրել:

Հիշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք պահել, իրացնելը) հատկանիշներով: Ներկայումս գործով 4 մեղադրյալներն էլ գտնվում են կալանքի տակ: Գործի դատաքննության ընթացքում 4 ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր էին ճանաչել և միջնորդել էին գործը քննել արագացված դատական կարգով: