կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-30 13:47
Իրավական

Ի՞նչ պատիժ առաջարկեց դատախազը «զինված խմբին» զենք վաճառելու մեջ մեղադրվողների համար

Ի՞նչ պատիժ առաջարկեց դատախազը «զինված խմբին» զենք վաճառելու մեջ մեղադրվողների համար

Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազ Արմեն Փանոսյանը հրապարակեց նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործից անջատված մասով հարուցված քրգործով մեղադրական ճառը:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի աթոռին են Հակոբ Հակոբյանը, Անուշավան Ավետիսյանը, Ստեփան Չիլինգարյանը և Հարություն Հովհաննիսյանը: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Հակոբ Հակոբյանը 2015թ. հուլիսին, Արթուր Վարդանյանից առաջարկություն ստանալով` համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր հայթայթել և իրեն իրացնել, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, նույն հարցով դիմել է ծանոթին` Գյումրի քաղաքի բնակիչ Անուշավան Ավետիսյանին, որից հետո երկուսով, նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին:

Հարություն Հովհաննիսյանն էլ, նույն առաջարկությունը ստանալով Անուշավան Ավետիսյանից, 2015թ. հուլիսին Գյումրիում նրան 900 ԱՄՆ դոլարով զենք-զինամթերք է իրացրել: Ըստ մեղադրանքի՝ Ստեփան Չիլինգարյանն էլ, իր հերթին, Անուշավան Ավետիսյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով` համապատասխան վարձատրության դիմաց զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր հայթհայթել և իրացրել, չիմանալով, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, Գյումրիում նրան 4700 ԱՄՆ դոլարով իր կողմից զենք-զինամթերք է իրացրել: Հիշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք պահել, իրացնելը) հատկանիշներով: Ներկայումս գործով 4 մեղադրյալներն էլ գտնվում են կալանքի տակ:

Գործի դատաքննության ընթացքում 4 ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր էին ճանաչել և միջնորդել էին գործը քննել արագացված դատական կարգով: Մեղադրող դատախազը՝ հաշվի առնելով ամբաստանյալների անձը բնութագրող հատկանիշները, արարքը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, նշեց, որ նրանց կողմից հանցագործության բացահայտմանն աջակցելը դիտվել է որպես հանցանքը մեղմացնող հանգամանք:

Նա միջնորդեց մեղավոր ճանաչել 4 ամբաստանյալներին և նրանց դատապարտել ազատազրկման` համապատասխանաբար՝ Հակոբ Հակոբյանին՝ 4 տարի, Անուշավան Ավետիսյանին՝ 3 տարի վեց ամիս, Ստեփան Չիլինգարյանին՝ 2 տարի, իսկ Հարություն Հովհաննիսյանին՝ 1 տարի 10 ամիս ժամկետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը մնաց անփոփոխ:

Այսօրվա նիստում պաշտպանական ճառով հանդես եկան ամբաստանյալներ Հարություն Հովհաննիսյանի և Ստեփան Չիլինգարյանի պաշտպանները: Մասնավորապես` Հովհաննիսյանի պաշտպանը խնդրեց դատարանին` կա\'մ իր պաշտպանյալին ազատ արձակել, կա\'մ նրա նկատմամբ ընտրված պատիժը պայմանականորեն չկիրառել:

Չիլինգարյանի պաշտպան Մարտին Զիլֆուղարյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալը խնամքի տակ ունի ոչ միայն անչափահաս երեխա, այլև հիվանդ մայր: Նա նշեց, որ Չիլինգարյանի հայրն էլ մահացել է այս գործի նախաքննության ընթացքում: «Իմ պաշտպանյալը վաճառել է իր պապի եղբորից մնացած զենքը` սոցիալական ծանր պայմաններից ելնելով: Նա մեղայականով ներկայացել է, անկեղծորեն զղջացել և հայտնել իր կողմից կատարված արարքի մասին: Խնդրում եմ դատարանին` այս հանգամանքները հաշվի առնել»,- ասաց նա:

Դատարանը ժամանակ տրամադրեց գործով մյուս ամբաստանյալների պաշտպաններին` ճառին պատրաստվելու համար: