կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-25 16:37
Իրավական

Հրապարակվեց «Անալիտիկ»-ի գործով դատավճիռը

Հրապարակվեց «Անալիտիկ»-ի գործով դատավճիռը

Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն այսօր հրապարակեց «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով դատավճիռը:

Yerkir.am-ի հետ զրույցում Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ իր պաշտպանյալն արդարացվել է մեղսագրվող դրվագներից մեկով, իսկ մյուսով մեղավոր ճանաչվել:

Մասնավորապես նա անմեղ է ճանաչվել «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով, և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով խոշոր չափերով շորթում կատարելու համար: Իսկ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից, նրա և վերջինիս մերձավորների մասին արատավորող, ինչպես նաև նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով զգալի չափի գումար ստանալու համար մեղավոր է ճանաչվել և դատապարտվել մեկուկես տարվա ազատազրկման: Լիպարիտ Պողոսյանը տեղեկացրեց, որ դատավճիռն անպայման բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:

Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանը ձերբակալվել է 2016թ. մայիսի 3-ին: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016թ. մայիսի 6-ի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, այսինքն նրա պատժի կրման ավարտին մնացել է երեք ամիս:

Համաձայն մեղադրական եզրակացության ՝ Անի Հովհաննիսյանը, հանդիսանալով Analitik.am լրատվական կայքի տնօրեն, շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ, Analitik.am լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, ով հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով, և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից 15.03.2016թ. պահանջել է խոշոր չափի` 1.000.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ՝ նա մեղադրվում էր Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից, նրա և վերջինիս մերձավորների մասին արատավորող, ինչպես նաև նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով 2016 թվականի ապրիլի 14-ին ստացել է 300.000 ՀՀ դրամ գումար, ևս 2016 300.000 ՀՀ դրամ՝ Վարդիթեր Գիշյանի միջոցով: