Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ Ռուսաստանի հատկացրած 200 միլիոն դոլար վարկով Հայաստանը այդ երկրից ձեռք է բերելու նաեւ հեռահար սպառազինություն: ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, ոչ հերքում, ոչ էլ հաստատում է այն տեղեկությունը, որ Հայաստանը պատրաստվում է ձեռք բերել «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիր։ Այս տեղեկությունն օրեր առաջ տարածել էր ռուսաստանյան TASS լրատվական գործակալությունը:
Թե՛ ռուսաստանցի եւ թե՛ ադրբեջանցի քաղաքագետները վստահ են՝ Հայաստանին վարկի դիմաց սպառազինություն տրամադրելուց հետո Ռուսաստանն անպայման զենք կմատակարարի նաեւ Ադրբեջանին:
Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկովն անդրադառնալով այս հարցին՝ ասաց. «Այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում եւ՛ Հայաստանին, եւ՛ Ադրբեջանին, մի կողմից՝ լարվածություն է առաջացնում, մյուս կողմից՝ նպաստում խաղաղությանը: Ցանկացած տեսակի զենքի ավելացում մեծացնում է պատերազմի հավանականությունը: Բայց մյուս կողմից էլ՝ այդ երկրները զենք գնում են ոչ թե նրա համար, որ Ռուսաստանն է ցանկանում այն վաճառել, այլ պարզապես ուզում են ուժեղ եւ զինված լինել թշնամու առաջ»,- ասաց Մարկովը՝ հավելելով, որ եթե Ռուսաստանը չվաճառի զենք, ապա Հայաստանն ու Ադրբեջանը զենք կգնեն այլ երկրից:
Նրա խոսքով՝ զենք վաճառող երկիրը կարող է որոշակիորեն ազդել իրավիճակի վրա, եւ նրա տպավորությամբ՝ լավ է, որ զենք վաճառում է հենց Ռուսաստանը. «Որովհետեւ Ռուսաստանը խաղաղության կողմնակից է՝ ի տարբերություն Միացյալ Նահանգների»: Սերգեյ Մարկովն ավելացրեց. «Այն, որ հենց Ռուսաստանն է զենք վաճառում, շատ քիչ, բայց նպաստում է խաղաղությանը»:
Մեր այն հարցին՝ արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հավասարակշռությունը չի՞ խախտվի այն բանից հետո, երբ հաստատվի, որ Ռուսաստանը Հայաստանին «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռային համակարգ է վաճառում, Մարկովը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Հայաստանին «Իսկանդեր» տրամադրելու գործարքը չպետք է առանձին դիտարկել: Դա պետք է նայել այն կոնտեքստում, որ Ադրբեջանին եւս մեծ քանակությամբ զենք է տրամադրվելու: Եթե առանձին նայենք, ապա «Իսկանդերի» տրամադրումը, այո, կնպաստեր, որպեսզի ուժերի հավասարակշռությունը խախտվեր: Բայց Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք տրամադրելը կնշանակի, որ ուժերի հավասարակշռությունը չի խախտվում»:
Մեր այն ճշտող հարցին՝ փաստորեն, այս գործարքից հետո զենք է տրամադրվելու նաեւ Ադրբեջանի՞ն, Սերգեյ Մարկովը պատասխանեց. «Այո, անկասկած»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: