կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-28 12:27
Իրավական

Անեծքներ` դատարանում. հրապարակվեց 56 միլիոն դրամի գողության գործով` վերաքննիչ դատարանի որոշումը

Անեծքներ` դատարանում. հրապարակվեց 56 միլիոն դրամի գողության գործով` վերաքննիչ դատարանի որոշումը

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ, հրապարակեց «Մանանա Գրեյ» ընկերությունից 56 միլիոն 400 հազար դրամի գողության գործով որոշումը: Վերաքննիչ դատարանը մերժեց ամբաստանյալների պաշտպանների բողոքը և ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը, համաձայն որի` գործով ամբաստանյալ Էդգար Կարաքեշիշյանը դատապարտվել էր յոթ, իսկ Աշոտ Առուշանյանը հինգուկես տարվա ազատազրկման:

 

Որոշման հրապարակումից հետո ամբաստանյալների հարազատները բացականչեցին` «ամոթ», «արդարադատություն չկա», այլ մեղադրական արտահայտություններ, հիշոցներ ու անեծքներ, որոնք շարունակվեցին նաեւ դատարանի շենքի առջեւ:

 

Աշոտ Առուշանյանի հայրը` Լավրենտի Առուշանյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ հույս էին կապում ՀՀ նախագահի հետ, բայց դարձյալ հուսախաբ եղան: Նա ասաց նաև, թե «Մանանա Գրեյ» ՍՊԸ-ի ղեկավար Գուրգեն Նիկողոսյանն իր միլիոններով ամեն ինչ արեց, որպեսզի գործն իրականում չբացահայտնվի, քանի որ դա իր շահերից չէր բխելու:

 

Աշոտ Առուշանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն էլ ասաց, որ վերաքննիչ ատյանի այս որոշումն անակնկալ չէր իր համար, թեև հույս ուներ, որ արդար որոշում կարող է լինել: Նա նշեց, որ որոշումը բողոքարկելու են վճռաբեկության կարգով` դարձյալ հույս ունենալով, որ արդար որոշում կլինի: Մյուս կողմից` ներպետական ատյանները սպառելուց հետո իրավունք կունենան Եվրադատարան դիմելու:

 

Հիշեցնենք, որ Էդգար Կարաքեշիշյանը մեղադրվում էր «Մանանա Գրեյ» ՍՊԸ-ից 56 միլիոն դրամի գողություն կատարելու, իսկ Աշոտ Առուշանյանը` հանցագործություն կատարելուն օժանդակելու մեջ: Գործը երկրորդ անգամ քննվում է վերաքննիչ դատարանում: Առաջին անգամ առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճիռ էր կայացրել, սակայն դատավճիռը վերադասության կարգով բողոքարկվել էր, և Վճռաբեկ ատյանը բեկանել էր դատական ակտը` գործն ուղարկելով նոր քննության: Երկրորդ անգամ առաջին ատյանի դատարանը կրկին մեղադրական դատավճիռ էր կայացրել:

 

Մանրամասները` տեսանյութում: