Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի մասնակցությամբ այս տարվա ապրիլի 17-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ գործով դատավճառը: Դատարանի վճռով երեք ամբաստանյալներն էլ մեղավոր ճանաչվեցին կատարած հանցանքի մեջ:
Դատարանի վճռով Արմեն Ներսիսյանն ու Գուրգեն Արսենյանը մեղավոր ճանաչվեցին խուլիգանություն կատարելու համար ու դատապարտվեցին 4 տարվա ազատազրկման, սակայն նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառվեց և նշանակվեց փորձաշրջան` երկու տարի ժամկետով, Իսկ Գուրգեն Գրիգորյանը դատապարտվեց ութ ամիս ժամկետով ազատազրկման:
Կալանքի տակ գտնվող Ներսիսյանն անհապաղ ազատ արձակվեց, իսկ Գրիգորյանը ՔԿՀ ից դուրս կգա օրեր անց:
Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Գուրգեն Արսենյանն իր ընկերներ Արմեն Ներսիսյանի, Գուրգեն Գրիգորյանի և գործով ինքնությունը չպարզված այլ անձանց հետ 2016թ. ապրիլի 17-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն: Արմեն Ներսիսյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունիսի 21-ին իր ընկեր Գուրգեն Արսենյանի և վերջինիս 3 այլ` գործով ինքնությունները չպարզված ընկերների հետ գտնվել է Երևան քաղաքի Թամանյան փողոցում գտնվող «Հեմինգուեյ» ակումբում, որտեղ գինովցած լինելու պատճառով աղմկել է, ինչի պատճառով նրան դիտողություն է արել նշված ակումբի տնօրեն Գևորգ Պողոսյանը:
Արմեն Ներսիսյանը, բացահայտ անհարգայից վերաբերմունք դրսևորելով ինչպես անցորդների, այնպես էլ նշված ակումբին կից գործող սրճարանի այցելուների նկատմամբ, սարսափ տարածելով ներկաների շրջանում, խմբի կազմում` գործով չպարզված անձանց հետ, դիտավորյալ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել և անկանոն հարվածներ հասցրել ինչպես Գևորգ Պողոսյանին, այնպես էլ ցանկացած պատահած անձի, որոնցով էականորեն խաթարել է հասարակական վայրում գտնվող անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը:
Նշենք, որ այս գործով անցնող ևս երկու մեղադրյալի մասով քրեական հետապնդումը դադարեցվել է: