Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր հրապարակեց Հնդկաստանում Դուբայի քաղաքացի Սալոնկիին սպանելու, նրան պատկանող գրասենյակից 1 մլն 700 հազար ԱՄՆ դոլար արժողության ադամանդներ գողանալու և մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու գործով դատավճիռը: Դատավոր Արշակ Վարդանյանի վճռով` Հովհաննես Մելքանյանը դատապարտվեց 23, Սեմյոն Եդիգարյանը`21, իսկ Խոսրով Մելքոնյանը`13 տարվա ազատազրկման:
Նշենք, որ մեղադրող դատախազ Ա. Բարսեղյանն այս գործով կալանքի տակ գտնվող երեք ամբաստանյալների համար ցմահ ազատազրկում էր պահանջել:
Քննության տվյալների համաձայն` Երևանի 35-ամյա բնակիչ Հովհաննես Մելքոնյանը հաճախակի արտագնա աշխատանքի է մեկնել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք, որտեղ զբաղվել է ադամանդների առքուվաճառքով և գործնական հարաբերություններ հաստատել Դուբայի Դեյրա թաղամասի ոսկու առևտրի կենտրոնում գործող` ադամանդների վաճառքով զբաղվող մի ընկերության գրասենյակի աշխատակից, Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիի հետ: Առանձնապես խոշոր չափերով ադամանդ հափշտակելու նպատակով վերջինիս սպանելու և ադամանդները մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու նպատակով Հովհաննես Մելքոնյանը ձևավորել է կազմակերպված խումբ՝ ընդգրկելով հորեղբոր 24-ամյա որդուն՝ Խոսրով Մելքոնյանին, ու նրա 26-ամյա ընկերոջը՝ Սեմյոն Եդիգարյանին:
Ըստ գործի նյութերի՝ խմբի անդամներից երկուսը, 2014 թվականի հունվարին միմյանց միջև նախապես կատարված դերաբաշխման համաձայն, հանդիպել են Սալոնկիի հետ և պատվիրել ադամանդներ՝ պայմանավորվելով առքուվաճառքի գործարքը կատարել 2014թ. հունվարի 22-ի երեկոյան: Նույն օրը նրանք գնացել են ոսկու առևտրի կենտրոն՝ ադամանդները տեսնելու և զննելու պատրվակով: Այնուհետև, նախապես մշակված պլանի համաձայն, ադամանդները հափշտակելու նպատակով հարձակում են գործել Սալոնկիի վրա, կապկպել նրա ձեռքերն ու ոտքերը ու, տոպրակը գլխին հագցնելով ՝ մեխանիկական շնչահեղձության եղանակով, դիտավորությամբ կյանքից զրկել նրան, ապա` հափշտակել առանձնապես խոշոր չափերի` 1.700.000 ԱՄՆ դոլար արժողության 6.800 կարատ` տարբեր գույների ադամանդներ: Քննության տվյալներով՝ խմբի անդամները մաքսանենգ ճանապարհով՝ Դուբայ-Երևան չվերթով, ադամանդները տեղափոխել են Հայաստան: